Արմինե Օհանյան. Քաղաքապետարանը պետք է սկսի ստեղծել, ոչ թե ավիրել
Բուզանդ փողոցի 1/3 հասցեում տեղակայված «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա ասուլիսում ներկաների ուշադրությունը հրավիրեց իրենց տրամադրված տարածքն ազատելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշման այն հատվածի վրա, որտեղ նշված է դրա նպատակը։
«Մի ուշագրավ տող կար, նպատակն էր նշված, թե ինչու են մեզ ուզում վտարել այս շենքից։ Նշվում է՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման արդյունավետության նպատակով։ Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում արդյունավետ, որովհետև միշտ չէ, որ օգտակարությունը կարելի է արտահայտել քյաշ փողով, ոնց պատկերացնում է պարոն քաղաքապետը»,-ասաց Օհանյանը։
Խմբագիրը համարում է, որ իրենք էլ շատ արդյունավետ են աշխատում։ Թվարկում է՝ առավոտյան ժամը 8-ին բացվում են դռները, մինչև գիշերվա ժամը 2-ը բզեզի պես աշխատում են լրագրողները, օրվա ընթացքում մինչև 5 տասնյակ քաղաքացի է մտնում խմբագրություն տարբեր հարցերով, դրանց շուրջ հրապարակումներ են լինում, ինչի արդյունքում խնդիրների մի մասը լուծում է ստանում։
Նա քաղաքապետարանին նմանեցնում է ապրելու համար տան գույքը վաճառքի հանած մարդու, խորհուրդ է տալիս քանդելու, ավիրելու փոխարեն, սարքել։
«Եթե իրենց հույսն այն է, որ քաղաքի խնդիրները հոգալու համար այս խղճուկ տարածքները կվաճառեն և հարցեր կլուծեն, չի ստացվելու, դա փոքր արդյունավետություն է ապահովելու, փոխարեն տպավորություն է ստեղծվելու, որ այս իշխանությունը մեր կողմից ատելի Հանրապետականներից շատ ավելի վատ վերաբերմունք ունի մամուլի, ազատ խոսքի նկատմամբ»,-ասաց նա։
Խմբագիրը հիշեցնում է, այս ընթացքում՝ 2009-ից ի վեր չորս քաղաքապետ է փոխվել, որևէ մեկի մտքի ծայրով չի անցել, որ կարող է տարածքն ազատել ու ավելի արդյունավետ կորպով օգտագործել 90 քմ մակերեսով խղճուկ, ավերակ տարածքը։ Դեռ մի բան էլ վարձավճարները հանվել են ու տարածքը տրամադրվել է անհատույց։
«Պարոն Գուլանյանը ճիշտ ասեց, շատ մեծ գումարներ ենք ծախսել, չորս պատ էլ չենք ստացել, պատերն էլ ենք մենք կառուցել, վերջերս մեծ վերանորոգում ենք արել, պատուհաններն ենք փոխել։ Ո՞վ է փոխհատուցելու մեր ծախսերը։ Այնպես չի, որ Հայկ Մարությանը եկավ ու սկսեց քաղաքի խնդիրներն ավելի շատ հոգալ, քան մենք։ Այս քաղաքի խնդիրներով նաև մենք ենք զբաղվում, լիարժեք իրավունք ունենք, այստեղ շարունակելու մեր գործունեությունը»,-ասաց նա։
Օհանյանը նկատեց, այս դեպքում նաև իրավական խնդիր կա, քանի որ տարածքն իրենց տրամադրվել է ավագանու որոշմամբ, իսկ վարչության պետը նման որոշում է ուղարկում։
«Անգամ քաղաքապետի որոշումները չեն կարող ավելի բարձր համարվել, քան ավագանու որոշումն է։ Ավագանու նիստ չի եղել, որոշումը չի չեղարկվել, այդ որոշումն ուժի մեջ է։ Մինչև 2020 թվականի փետրվարը մենք ունենք անհատույց օգտագործման իրավունք»,-ասաց խմբագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Տեր-Գուլանյան. Հորդորում եմ քաղաքապետարանին՝ մամուլի հետ այդ տոնով չխոսել
- «Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման». պարզաբանում
- Քաղաքապետարանը չի վտարում «Հրապարակին». մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները