Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Կառավարությունից հայտնում են, որ պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վերջին անգամ Իրանի Մեջլիսում եղել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում կատարած այցի շրջանակում, որից պահպանում է ջերմ և հաճելի հիշողություններ:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում:
Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքներից՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Հարակից հրապարակումներ`
- Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է. Նիկոլ Փաշինյան
- Վարչապետն Իրան կմեկնի տիկնոջ հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան