Մարզպետարանի հաղորդագրությունը «արարատցիների որոշումն է»
Արարատի մարզպետարանն այսօր հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացրեց, որ արարատցիները ավտոերթով կմիանան Մարտի 1-ի երթին։
«Մարտի 1-ին՝ ժամը 17:00-ին, Արտաշատի ելքի կամրջի և բետոնե մայրուղու սկզբնամասից կմեկնարկի ավտոերթ: Երթով կշարժվենք դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու «Մարտի 1»-ին նվիրված մեծ հավաք: Երթն առաջնորդելու է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը»,- ասված էր տարածած հաղորդագրության մեջ։
Panorama.am-ը մարզպետարանից փորձեց ճշտել, ինչու՞ են նման հաղորդագրություն տարածում և պարտադրում վարչական ռեսուրսով մարտի 1-ին գալ Երևան։
«Մեզ որևէ հրահանգ չկա, պարզապես ընդհանուր արարատցիների որոշումն է գալ միանալ երթին, որին միանում է նաև մարզպետարանը։ Շատ արարատցիներ կան, որ պատրաստ են միանալու երթին և որոշվեց, որ այդպիսով բոլորը միասին գնան, այլ ոչ թե առանձին-առանձին։ Սա առաջին դեպքը չէ, տարբեր միջոցառումների ժամանակ այսպես արվում է»,- ասացին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հարցին, թե զոհերի հիշատակը չե՞ն կարող Արարատում հարգել՝ պատասխանեցին. «Քանի որ մարտի 1-ի իրադարձությունները տեղի են ունեցել Երևանում, և հիշատակի հարգման երթը մեկնարկելու է Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ էլ տեղի է ունենալու ծաղիկների խոնարհում, հենց դրա համար էլ որոշվել է գալ Երևան»։
Նշենք, որ Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում ևս հրապարակվել էր մարտի 1-ի երթի մասին տեղեկատվություն, որը հետո հեռացվել է։ Մարզպետարանից պատասխանեցին, որ «տեխնիկական վրիպակ է եղել, ի սկզբանե պաշտանական կայքում հրապարակման համար նախատեսված չի եղել»։
Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք երթի մասին միայն իրազեկել են և «մարդ բերելու հրահանգ չի եղել և սա ուղղակի հիշատակի երթ է»։
Հարակից հրապարակումներ`
- Սա միայն մեկ քաղաքական ուժի երթ չէ, բոլորը կարող են մասնակցել. Սիմիդյան
- Քաղաքագետը՝ մարտի 1-ի երթի մասին
- Փաշինյանը հայտարարեց՝ մարտի 1-ին երթ անցկացնելու մասին