Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կներկայացնի համաշխարհային կինոերաժշտության նոր ձևաչափ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) փետրվարի 28-ից մարտի 2-ը հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այս նախագիծը կյանքի է կոչվել երկարատև բանակցություններից հետո։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հետաքրքիր մի կոնցեպտ, որը նոր խոսք է համաշխարհային կինոերաժշտության ասպարեզում։ Ֆիլմն ամբողջությամբ ցուցադրվում է էկրանին, և ցուցադրության ընթացքում երաժշտությունը, որ պետք է հնչեր ֆիլմում, ներկայացնում է նվագախումբը կենդանի կատարմամբ։
Սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է «Հարի Փոթեր» և «Կնքահայրը» ֆիլմերի մեղեդիները։ Նվագախումբը երեք օրերի ընթացքում ունենալու է 5 ելույթ, որոնք ղեկավարելու է դիրիժոր Ջասթին Ֆրիրը։
CineConcerts կոչվող այս ձևաչափն իրականում բարդ է իրականացման համար։ Բացի այն, որ նշված ֆիլմերի սաունդթրեքները բավականին բարդ ստեղծագործություններ են՝ դժվար նվագաբաժիններով, նաև մեծ հմտություններ են պահանջվում երաժիշտներից մեղեդին ֆիլմի հետ սինխրոն կատարելու համար։