«Ժամանակ» Թե ինչու իշխանությունները չեն ուզում հրաժարվել սուպերվարչապետական համակարգից
Սահմանադրական փոփոխությունների հարցը դարձել է հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների քննարկման առարկան։ Ընդ որում՝ իշխանության առանձին ներկայացուցիչներ այդ փոփոխությունների հնարավորությունը չեն բացառում, բայց ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգի վերացմանը, դա այս պահի դրությամբ իշխանությունների առաջնահերթությունը չէ։
«Սուպերվարչապետության հարցը հրատապ չէ, մենք կապիտալիզացնում ենք հեղափոխությունը»,- նման կարծիք էր օրերս մեր լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, մինչդեռ, հեղափոխությունը կապիտալիզացնելու մեջ մտնում է նաև սուպերվարչապետությունից հրաժարվելը:
«Հիշեցնեմ՝ հեղափոխության պատճառներից մեկն այն էր, որ Սերժ Սարգսյանը «իր հագով կարելով» Սահմանադրությունը՝ իր դեմ հանեց հասարակության զգալի մասին. նա տարրականորեն ուզուրպացիայի էր ենթարկում իշխանությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Համբարյանի՝ հեղափոխության պատճառը ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական վիճակն էր, այլև այն բեսպրեդելը, որը սերմանել էր Սերժ Սարգսյանը՝ սկզբում սուպերնախագահությամբ, հետո՝ սուպերվարչապետությամբ. «Այնպես որ, ես բացարձակ համաձայն չեմ պարոն Իգիթյանի այդ խոսքերի հետ»։
Համբարյանի խոսքով՝ հեղափոխության կապիտալիզացիայի համար իշխանությունները տասը ամիս ժամանակ են ունեցել, բայց հասարակությունը որևէ դրական արդյունք չի զգացել. «Հիմա պետք չէ կեղծ օրակարգ ստեղծել ու ասել, որ սուպերվարչապետության հարցը հրատապ չէ։ Դա հրատապ խնդիր է։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ նշեմ՝ մեր երկիրն ընդհանրապես պատրաստ չէ խորհրդարանական կառավարման համակարգին. խորհրդարանական համակարգ ունեն այն երկրները, որտեղ ժողովուրդները քաղաքականապես գրագետ են, ու այդ երկրներում կուսակցական շինարարությունն ավարտված է։ Մեր երկրում հասարակությունը աջակողմյան ու ձախակողմյան կուսակցություններն իրարից չի տարբերում, գնում ընտրում է անհատին և ոչ այդ կուսակցության ծրագիրը»։
Թե ինչու իշխանությունները չեն ուզում հրաժարվել սուպերվարչապետական համակարգից, ըստ Համբարյանի, ունի հետևյալ բացատրությունը. «Գյումրեցիներն այսպիսի խոսք ունեն՝ «համն ընկել է բերանները», ունեն ահռելի մեծ իշխանություն, ինչո՞ւ պետք է հեշտությամբ հրաժարվեն սուպերվարչապետությունից, որի շնորհիվ վերահսկողություն կա ոչ միայն գործադիրի, այլ նաև օրենսդիրի վրա. ամբողջ ուժային բլոկը վարչապետին է ենթարկվում»։
Համբարյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը նաև զգում է, որ իր ձևավորած կառավարությունը բավականին թույլ է, շատ դեպքերում՝ ոչ պրոֆեսիոնալ, և այս համակարգի պահպանմամբ հնարավոր ֆորս-մաժորների ժամանակ իշխանությունը կկարողանա իր ձեռքերում պահել»։
Ամբողջը՝ «Ժամանակ օրաթերթ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին