Իրանական IRNA. Ինչպիսին է Հայաստանի կառավարության դիրքորոշումը Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր երկօրյա պաշտոնական այցով Իրան կատարելիք այցից առաջ, հարցազրույց է տվել իրանական պետական IRNA գործակալությանը՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների մասին։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Իրանի հարաբերությունները միանշանակ դրական է գնահատում՝ հայ-իրանական ժողովուրդների միջև դարերի բարեկամությունը համարելով միջմշակութային երկխոսության ու տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների համակեցության լավ օրինակ, որը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանման համար։
«Իրանի հետ բարեկամական ու գործընկերային ամուր կապերը Հայաստանի արտաքին քաղաքականության մի մասն է ու մենք հավատարիմ ենք դրանք առավել զարգացնելու»,-ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ միևնույն ժամանակ երկու երկրների հարաբերություններում կա դեռևս չօգտագործված հսկայական ներուժ, հատկապես առևտրատնտեսական առումով:
Իրան այցի շրջանակներում կարևոր հարցերի մեջ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը, որն արդեն վավերացման փուլում է։ Այն նոր հեռանկարներ կբացի առևտրի ու ներդրումների համար։ Այցի շրջանակներում կնքվելու են մի շարք փաստաթղթեր։
Խոսելով այն ոլորտների մասին, որտեղ առավել ամուր ու համապարփակ կապեր կարելի է հաստատել երկու երկրների միջև, վարչապետ Փաշինյանը նշել է, որ բոլոր ոլորտներում առկա է մեծ պոտենցիալ, հատկապես տնտեսական ու առևտրային հարաբերություններում, էներգետիկ ոլորտում, որտեղ կան համատեղ ծրագրեր, ինչպիսիք են գազ-էլեկտրաէներգիա փոխանակումը, Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի շուրջ բանակցություններ են ընթանում, որոնք վերջերս վավերացվել են Իրանի Մեջլիսի կողմից:
Կարևորվել է նաև մշակութային ոլորտը։ Նշվում է, որ երկու երկրների համապատասխան նախարարությունները կենտրոնանում են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հրատարակչությունը, ֆիլմերը, պատմական և մշակութային հուշարձանների վերականգնումը և պահպանումը, թանգարանային և գրադարանային աշխատանքները: Համագործակցություն կա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Իրանի ջանքերի շնորհիվ Սբ. Թադեոս և Սբ. Ստեփան վանական համալիրները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Հայաստանն էլ պատրաստել է ամբողջական փաթեթ՝ Երևանի Կապույտ մզկիթը ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար:
Անդրադառնալով զբոսաշրջության որորտում երկկողմ համագործակցությանը, նշվել է, որ զբոսաշրջության զարգացումը մեր երկրի գերակայություններից մեկն է, և մեծ ջանքեր է գործադրվում երկիրը զբոսաշրջիկներին գրավիչ դարձնելու համար: Վարչապետը նշել է, որ 2016 թ. վիզաների վերացման պայմանավորվածությունից հետո Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է, հատկապես իրանական Նոր տարուն` Նովրուզին:
IRNA-ն հարց է ուղղել նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին Հայաստանի կառավարության դիրքորոշման վերաբերյալ, որին ի պատասխան վարչապետը նշել է, որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և Հայաստանը հետևում է Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումներին:
«Հայաստանն առաջին երկրներից էր, որը ողջունեց 2015 թ. Իրանի միջուկային գործարքի ընդունումը, քանի որ Հայաստանը ելնում է տարածաշրջանային կայունացման ու համագործակցության առումով հնարավորությունների տեսլականից։ Բնականաբար, մենք մտահոգված ենք Իրանի շուրջ վերջին զարգացումներով: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է սերտորեն համագործակցել իրանական կողմի և այդ գործընթացում ներգրավված այլ կողմերի հետ` հիմնված բաց երկխոսության վրա: Մենք հստակ ներկայացնում ենք մտահոգիչ բոլոր հարցերը և դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական մոտեցումը կարող է դրական գործոն լինել առաջացող խնդիրների լուծման հարցում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ասադի այցն ու Զարիֆի հրաժարականը, որը մերժեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին
- Վարչապետն Իրան կմեկնի տիկնոջ հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան