Դավիթ Իշխանյան. Սամվել Բաբայանի առաքելությունը համարում եմ ավարտված
Արցախում համապետական ընտրություններից մեկ տարի առաջ ակտիվ քաղաքական գործընթացներ են։ Արդեն մի քանի հավանական թեկնածուներ կան, նոր ուժեր են ստեղծվում, խորհրդակցություններ անցակցվում։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց՝ Արցախում այս անգամ ընտրությունների մեկնարկն ավելի վաղ է սկսել, քան սովորաբար լինում է, և այն կարծես դասական ընտրական մեխանիզմներից որոշակիորեն դուրս է։
«Կարծում եմ, այս գործընթացի մեկնարկի համար հիմք է հանդիսացել նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը՝ 2020-ին չառաջադրվելու վերաբերյալ, ինչը տրամաբանական ու սպասելի էր։ Մյուս կողմից էլ քաղաքական որոշակի վերադասավորումների կարիք կա, և հենց նման վերադասավորումներ են հիմա տեղի ունենում, ինչը արտացոլվում է այս կամ այն կուսակցության կողմից նոր մարտավարություն որդեգրելով կամ նոր քաղաքական կուսակցությունների ծնունդով»,-ասաց դաշնակցական գործիչը։
Իշխանյանը հիշում է, որ նման գործընթացներ եղել են նախորդ նախագահական ու խորհրդարանական յուրաքանչյուր ընտրությունից առաջ, այդ առումով որևէ անակնկալ ու զարմանալի բան չկա։
Դիտարկումը, թե այս գործընթացները հետևեցին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտարարությանը, Իշխանյանը ճիշտ չի համարում։
«Որևէ կապ, որևէ առնչություն չեմ տեսնում։ Եվ կարծում եմ, որ Սամվել Բաբայանն առաջիկա զարգացումների մեջ որևէ դերակատարություն չունի։ Ինքն իր առաքելությունն ուներ 90-ական թվականներին, այդ առաքելությունը համարում եմ ավարտված, և որևէ նոր առաքելությամբ չեմ տեսնում իրեն դերակատար լինելու Արցախի ներքաղաքական ու նաև արտաքին քաղաքական բնագավառում»,-ասաց պատգամավորը։
Դավիթ Իշխանյանը միաժամանակ սադրանք է որակում այն հայտարարությունները, որոնց համաձայն քաղաքական նպատակների կարող են հասնել նաև ոչ խաղաղ ճանապարհով։
Հիշեցնենք, «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր. «Ես չէի ցանկանա, որ Ղարաբաղում լինեին ցնցումներ, մարդիկ դուրս գան, սկսի պայքար և այլն, ես ուզում էի օրենքի շրջանակում հանգիստ կարգավորեինք հարցերը, բայց եթե գնաց սրացման, հետ չեմ կանգնելու, որովհետև այլընտրանք չկա»։
«Պարզ սադրանքներ են, որոնց ականատես ենք եղել անցյալում, նաև ականատես ենք լինում այս օրերին»,-ասաց Իշխանյանը։
Արցախի ոստիկանության կողմից տարածած հայտարարությունից հետո դաշնակցական գործիչն այն կարծիքին է, որ նման սադրանքների համատեքստում է նաև Բաբայանի կողմից արված այն հայտարարությունը, որ իրեն զրկել են ԱՀ քաղաքացիությունից՝ փորձելով խոչընդոտել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու՝ իր նախաձեռնությունը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է ՀՅԴ-ն մասնակցելու ընտրություններին, Իշխանյանն ասաց՝ դեռ որոշում չունեն։
«Մի քանի ամիս հետո տեղի կունենա Արցախի մեր կառույցի բարձրագույն ժողովը, որի ընթացքում կտրվեն այդ հարցերի պատասխանները։ Բնականաբար, կարող ենք արձանագրել, որ Դաշնակցությունը քաղաքական այնպիսի կարևոր միջոցառման, ինչպիսիք են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, չի կարող զերծ մնալ և մասնակից չլինել։ Թե ինչ ձևաչափով կլինի մասնակցությունը, հարցի պատասխանը կտա մեր ժողովը»,-ասաց Իշխանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախկին փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր՝ «Արցախի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ոստիկանություն. Սամվել Բաբայանն իր դիմումի համաձայն է հանվել հաշվառումից
- Դավիթ Բաբայանը քաղաքական նոր ուժ է ստեղծում
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը փորձում է իր քաղաքացիության հարցը լուծել օրենքի շրջանակներում
- Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան
- Արթուր Աղաբեկյան. Արցախի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան