Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի նվազել. ժողովրդագիր
Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ մտահոգող: Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում ժողովրդագրական վիճակը բնութագրող երեք հիմնական ուղղություններում՝ ծնելիություն, միգրացիա և ծերացում, կան լուրջ խնդիրներ։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019 թվականի հունվարի 1-ին դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ՝ 2018 թ-ի հունվարի 1-ի համեմատ նվազելով 7,6 հազարով։ Ինչ վերաբերում է ծնելիությանը, ապա այն շարունակում է նվազել. նախորդ տարի Հայաստանում ծնվել է 36 հազար 502 երեխա, 2017 թ-ին՝ 37.7 հազար, 2016 թ-ին՝ 40 հազար 592, 2015 թ-ին՝ 41 հազար 763 երեխա:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի կնվազել, եթե համալիր միջոցառումներ չիրականացվեն։
«Ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել, իսկ ստեղծելուց հետո էլ զույգերը շատ երեխաներ չեն ունենում՝ կրկին պայմանավորված սոցիալական խնդիրներով»,- նշեց նա։
Ռուբեն Եգանյանի խոսքով՝ Հայաստանում ծնելիության նվազմանը զուգահեռ աճում է նաև միգրացիան. 2017 թվականին Հայաստանից մեկնել և չի վերադարձել մոտավորապես 35-40 հազար։
Ժողովրդագրական խնդիրներից մեկն էլ այն է, որ ծերացման է գնում Հայաստանի բնակչությունը: Նրա խոսքով՝ բնակչությունը սկսում է ծերանալ, քանի որ ծնելիությունը անկում է ապրել, նոր երիտասարդ սերունդը արդեն չի կարող փոխարինել նախորդ սերունդներին։ «Այս ամենը տեղի է ունենում նաև միգրացիայի հաշվին, քանի որ մեկնողների գերակշիռ մասը վերարտադրողական տարիքի և աշխատունակ տարիքի մարդիկ են։ Դրա հաշվին շարունակաբար մեծանում է ծերերի տեսակարար կշիռը»,- ասաց ժողովրդագիրը։
Ռուբեն Եգանյանը նշեց, որ ժողովրդագրական խնդիրներն առաջանում են համակարգային խնդիրներից՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական և այլն։ Ըստ նրա՝ իրավիճակը շտկելու համար նշված ուղղություններով համալիր ծրագիր պետք է իրականացվի։
Հարցին՝ արդյոք ներկայիս կառավարությունն իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկում է, ժողովրդագիրը պատասխանեց, բնականաբար, կառավարությունը իրավիճակը բարելավելու ցանկություն կունենա, բայց դրա համար պետք է կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը, պետք է մշակի հաապարփակ ծրագիր, որպեսզի խթանի բնական աճին, նպաստի արտագաղթի կասեցմանը։
«Նոր իշխանությունների գործողություններից է կախված, թե դրական փոփոխություններն ինչ արագությամբ տեղի կունենան։ Իհարկե այդ խնդիրներն անմիջապես չեն լուծվելու, տևական, հետևողական գործողության արդյունքում է միայն հնարավոր երկրում փոխել ժողովրդագրական պատկերը»,- ընդգծեց Ռուբեն Եգանյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2018 թվականին Հայաստանում և բնակչության թիվն է նվազել, և ծնունդների
- Երեխայի ծննդյան նպաստի բարձրացումն այդքան էլ ուժեղ չի ազդում ծնելիության մակարդակի վրա. Աննա Հովհաննիսյան
- Ահազանգ. Ժողովրդագրական ցուցանիշները մտահոգիչ են ու անբարենապստ
- «Ծնելիության խթանման հարցում պետությունն ավելի գործուն քայլերի պետք է դիմի»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան