Վենետիկում վճար կսահմանեն քաղաքի պատմական կենտրոն այցի համար
Վենետիկի կոմունալ խորհուրդը հավանություն է տվել մայիսի 1-ից քաղաքի պատմական կենտրոն մուտք գործելու համար վճար սահմանելու որոշմանը: Այդ հատվածը հատկապես սիրված է զբոսաշրջիկների կողմից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, սա տեղի իշխանությունների հերթական փորձն է սահմանափակելու վիթխարի տուրիստական հոսքը: 2018-ի ապրիլին քաղաքապետը առաջին անգամ հրատապ միջոցներ էր ձեռնարկել տուրիստների հոսքը կարգավորելու համար՝ հատուկ պտտադռնակներ տեղադրելով քաղաքի հիմնական հատվածների մուտքերի մոտ: Միաժամանակ քաղաքային իշխանությունները նշել են, որ վճար սահմանելը փորձնական է, պետք է առնվազն մեկ տարի հետևեն դրա արդյունքներին, ապա հնարավոր է տարբերակված վճար սահմանվի:
Հավաքված գումարը կօգտագործվի Վենետիկի արժանապատիվ ապահովման համար, մասնավորապես մեծաքանակ աղբի հավաքմանը, որը թողնում են զբոսաշրջիկները: Նախապես ծրագրվում է յուրաքանչյուր այցելուից գանձել 3 եվրո, սակայն, եթե անգամ խոսք լինի տարբերակված վճարի մասին, ապա այն չպետք է գերազանցի 10 եվրոն:
Այս նոր հարկատեսակը կներառվի ավիա և երկաթուղային տոմսերի, կրուիզների և հասարակական տրանսպորտի, այդ թվում տաքսիի վարձի մեջ: Ընդ որում, վճարից ազատվում են Վենետո մարզի բոլոր բնակիչները, նաև Վենետիկում ծնվածները, որոնք հիմա այլ վայրերում են ապրում: