Հայ շախմատիստները A, B և C մրցաշարերում կանգնեցին պատվո հարթակին
Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը համարվում է աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկը: Ստուգատեսում հիանալի հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը դարձավ միակ երկիրը, որի ներկայացուցիչները երեք՝ A, B և C մրցաշարերում կանգնեցին պատվո հարթակին:
Մեր ներկայացուցիչներից հիանալի հանդես եկավ պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով մրցաշարում տոնեց 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց հաշտությամբ: Արդյունքում` Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր: Սովորաբար նման արդյունքը բավարար է լինում «Աէրոֆլոտ Օփենում» հաղթող ճանաչվելու համար, սակայն նույնքան միավոր իր ակտիվում գրանցեց նաև մեկնարկային 62-րդ համարի տակ հանդես եկող Էստոնիան ներկայացնող 42-ամյա գրոսմայստեր Կայդո Կուլաոցը, ով Մարտիրոսյանին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով, դարձավ մրցաշարի հաղթող, ինչպես նաև նվաճեց Դորտմունդի սուպերմրցաշարի մասնակցության իրավունք:
Արամ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակեցին 5,5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 15-րդ և 21-րդ հորիզոնականները: Մանուել Պետրոսյանը 5 միավորով 27-րդն էր, իսկ Շանթ Սարգսյանը 4,5 միավորով գրավեց 49-րդ հորիզոնականը: Մեր բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց անհատական վարկանիշները, իսկ Շանթ Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա և մոտակա ամիսներին նրան կշնորհվի այդ կոչումը:
B մրցաշարի հաղթող դարձավ Ստանիսլավ Բոգդանովիչը: Տիգրան Հարությունյանը հաղթողից հետ մնաց 1 միավորով և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարում հաջող հանդես եկաբ նաև Էլինա Դանիելյանը, ով վաստակեց 6 միավոր և գրավեց 15-րդ հորիզոնականը: C մրցաշարում 7,5 միավորով առաջին հորիզոնականը գրավեց Տիմոֆեյ Իլյինը: Արթուր Ղարագյոզյանը 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան