Կառավարությանը հորդորել եմ հնարավորինս շուտ բերել կառուցվածքի նախագիծը ԱԺ. Մարուքյան
Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում ևս ընդգրկված չի լինի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե այս վիճակը կառավարման համակարգում ճգնաժամ չի՞ առաջացնի, նա պատասխանեց. «Ես խոսել եմ սահմանադրության համապատասխան հոդվածի խախտման մասին, և առանց նախարարների մարմիններ ունենալու մասին։ Անորոշ վիճակը կա, կան մարմիններ, որոնք փոխնախարարներ են ղեկավարում։ Հորդորել եմ կառավարությանը հնարավորինս շուտ բերել կառուցվածքի նախագիծը, որ կարողանանք այս խնդիրը լուծել»։
Մարուքյանը հիշեցրեց իրենց տեսակետը, որ պետք է խորհրդարանական վերահսկողության դաշտ բերել վարչապետին ենթակա բոլոր մարմիններին, որոնք կառավարության կառուցվածքում չեն այս պահին։
Ինչ վերաբերվում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված վաղվա երթին միանալուն, Մարուքյանն ասաց. «Մեր կուսակցությունն իր հիմնադրման օրվանից գնում և հարգանքի տուրք է մատուցում։ Երթին կուսակցության բոլոր անդամներն էլ կարող են մասնակցել, այստեղ որևէ խնդիր չկա։ Հատուկ կոչ անելու, կազմակերպելու ու մարդ տանելու խնդիր չկա։ Մինչև կուսակցության հիմնադրումն էլ ինքս ամեն տարի գնացել, հարգանքի տուրք եմ մատուցել»։
Հարակից հրապարակումներ`
- Մարզպետարանի հաղորդագրությունը «արարատցիների որոշումն է»
- Սա միայն մեկ քաղաքական ուժի երթ չէ, բոլորը կարող են մասնակցել. Սիմիդյան
- Փաշինյանը հայտարարեց՝ մարտի 1-ին երթ անցկացնելու մասին
- E-draft-ում Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը համարում են անհեռանկար և կործանարար