Ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը կշարունակվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության ոլորտում զբաղված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գևորգյանը նշեց, որ 2017-2018 թթ-ին ծրագրից օգտվել է 51 տնտեսվարող՝ շուրջ 7.1 մլրդ դրամի չափով։ Սուբսիդավորման գումարը կազմել է 150.8 մլն դրամ։
Նրա խոսքով՝ ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորվել է գյուղատնտեսական տնտեսություններից գնված հումքի դիմաց կատարվող վճարումների իրականացման մրցակցային պայմաններ, որի արդյունքում 2018 թ-ին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների չվճարված գումարը տարեվերջին կազմել է 200.4 մլն դրամ (0.7 %), 2017 թվականին՝ 1377.8 մլն դրամ (5.9%), իսկ 2016թ-ին՝ 2048.4 մլն դրամ (9.2%):
Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը:
Հիմնավորման համաձայն, պտուղբանջարեղեն, խաղող և կաթ վերամշակող ընկերությունների առանձնահատկություններով պայմանավորված մթերումների կազմակերպման նպատակով անհրաժեշտ է տրամադրել առնվազն 1 տարի ժամկետով նպատակային վարկեր:
Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով: Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1,5 մլրդ դրամ: Մարման ժամկետն` առավելագույնը մեկ տարի:
Նշենք, որ սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, խաղողի և կաթի կանխավճարի կամ արժեքի վճարմանը: