Բենզինի շուկայում նոր խաղացողներ են սպասվում. Տիգրան Խաչատրյան
Բենզինի շուկայում որևէ մեկին ոչինչ պարտադրվում, ազատ շուկա է, գները բարձրանում ու իջնում են շուկայական գործոնների ազդեցությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով այն հայտարարություններին, թե առաջիկայում բենզինի գները բարձրանալու են:
«Բաց շուկա է, եթե միջազգային շուկայում բենզինի գները բարձրանան, ներքին գինը կբարձրանա կամ հակառակը»,- նշեց նա:
Հարցին, թե ինչ կանխատեսումներ կան գների հետ կապված, նախարարն ասաց, որ որևէ մեկը չի կարող ասել դա. «Եթե ինչ-որ մեկն իմանար, թե առաջիկայում ինչ կլինի, նա կդառնար աշխարհի ամենահարուստ մարդը: Կգնար կգներ որքան հնարավոր է շատ քանակությամբ բենզին, կսպասեր՝ այն կտրուկ թանկանա»:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բոլոր գործարարներն էլ ռիսկի են գնում, եթե գինը բարձրանում է, ապա շահում են, եթե իջնում է, տուժում են:
Դիտարկմանը, թե որքան ժամանակ բենզինի ներկայիս գինը կպահպանվի, նախարարն ասաց, որ գինը շուկան է պահպանում։ «Ամենակարևորն այն է, որ շուկայում գինը որոշի շուկան, իսկ մեզ մոտ գները շուկայական են: Որքան շատ թվով խաղացողներ կհայտնվեն շուկայում, մրցակցությունն այդքան կմեծանա ու շուկան ավելի զգայուն կլինի միջազգային շուկայի նկատմամբ: Այսինքն, սպասեք, որ շուկայում տատանողականությունը կավելանա, որովհետև, եթե շուկան բացարձակ մրցակցային է, ապա միջազգային շուկայում ցանկացած փոփոխություն գների վրա պետք է ազդի»,- նշեց նա:
Հարցին՝ դա նշանակում է, որ բենզինի շուկայում սպասվում են նոր խաղացողներ, նախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ ներկայումս դրսից ներդրողների հետ քննարկումներ են ընթանում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին