Նախկին ձկնաբուծական տարածքները համայնքներին վերադարձնելու խնդրանքով դիմել են Փաշինյանին
Արմավիրի մարզի Արտաշար և Զարթոնք համայնքների ղեկավարները նախկին ձկնաբուծական տարածքները համայնքներին վերադարձնելու խնդրանքով պաշտոնական գրությամբ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ecolur-ի Համայնքապետերի խոսքով՝ 1990-ական թթ-ին համայնքների հաշվեկշռի վրա գտնվող 224 հեկտար հողերը (127 հեկտարը՝ Զարթոնքի, 97 հեկտարը՝ Արտաշարի) կառավարությունը, որպես ձկնաբուծական տնտեսություն, օտարել է «Արմավիր ֆերմեր» ՓԲԸ-ին:
«Հողերը համայնքների հաշվեկշռի վրա են, կառավարությունը ժամանակին ոչ թե հողերն է օտարել, այլ որպես ձկնաբուծական տնտեսություն է օտարել և սեփականության իրավունքով հանձնել «Արմավիր ֆերմեր»-ին: Այսօր այդ հողերը ձկնաբուծական նպատակով չեն օգտագործվում, ինքն էլ դա որպես վարելահող է օգտագործում, վարձավճարով տալիս մարդկանց: Վարձավճարները թանկ են, եթե վերադարձվի համայնքին, քիչ գումար կտան մարդիկ, օրինակ, 1 հեկտարի համար 10.000 դրամ, ոչ թե 300.000 դրամ: Եթե նպատակային նշանակությանը չի ծառայում, հողագործության տակ է օգտագործում, թող համայնքն օգտագործի», - ասել է Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:
«Մենք մեր ժողովրդի պահանջն ենք ներկայացրել: Սակավահող է, հող չունենք, մարդիկ պահանջում են վերադարձնել իրենց վարչական տարածքի հողերը», - հավելել է Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը:
Աղբյուրը նշում է, որ Արտաշար համայնքը գյուղատնտեսական նշանակության հողերի կարիք ունի, քանի որ համայնքի հողերի զգալի մասն աղակալված է և ենթակա չէ մշակման:
Հողերի` համայնքներին վերադարձնելու պահանջով փետրվարի 25-ին Արտաշարի և Զարթոնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք ասել են, որ հարցի առնչությամբ ստորագրահավաք են արել, ներկայացրել Արմավիրի մարզպետարան, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: Բնակիչները նաև ասել էին, որ Արտաշարի համայնքապետին ոստիկանները տարել են, սական համայնքապետը հերքեց այդ լուրը: