Թրամփն ու Կիմ Չեն Ընը համաձայնության չեն հանգել. Սպիտակ տուն
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ին տեղի ունեցան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկրորդ բանակցությունները։ ԿԺԴՀ ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հետ երկրորդ հանդիպումը չէր կայանա, եթե նա չցանկանար Կորեական թերակղզու միջուկազերծում: Այնուամենայնիվ, գագաթաժողովն ավարտվել է նախատեսվածից շուտ և երկու երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության հանգել: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ երկու ղեկավարների միջև բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնության: Միջուկային զինաթափման հիմնական հարցով պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Միևնույն ժամանակ Սանդերսը հանդիպումն անվանել է «լավ ու կառուցողական»: Երկու երկրների ղեկավարները, նրա խոսքերով, «քննարկել են տարբերակման միջոցներ` միջուկազերծման խթանման համար»:
Գագաթնաժողովի վաղաժամ ավարտից հետո չի եղել նաև համատեղ հայտարարություն, բացի այդ չեղարկվել է նաև համատեղ ճաշը։
Նշենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ըն առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2018թ.-ի հունիսին Սինգապուրում, որից հետո, սակայն երկու երկրների միջև բանակցություններում մեծ առաջընթաց չի գրանցվում։ Նշվում է, որ Հս.Կորեան միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների փորձարկումներ չի իրականացրել 2017թ.-ի վերջից ի վեր։ ԱՄՆ-ն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ մինչ միջուկազերծման վերաբերյալ համաձայնագիրը՝ Հս. Կորեայի նկատմամբ պատժամիջոցները չեն հանվի։
Հարակից հրապարակումներ`
- Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպման համար Վիետնամ է ժամանել զրահապատ գնացքով
- Հանոյում մարդկանց մազերը կտրում են Թրամփի ու Կիմ Չեն Ընի նման
- Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը կհանդիպեն փետրվարի 27-28-ին