Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են. Դավիթ Սանասարյան
«Այս երկու օրը որոշները հասցրեցին ինձ համար մահախոսական կարդալ, բայց ասեմ հետևյալը՝ գերազմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Հարցին՝ արդյոք նա տեղյակ է եղել իր աշխատողների գործողությունների մասին, ՊՎԾ պետը պատասխանեց. «Դուք հիմա ուզում եք, որ ես հանցագործության մասին հաղորդում տամ իմ վերաբերյա՞լ, ասում եք, որ տեղյա՞կ եմ եղել կոռուպցիոն գործարքի մասին: Նման բան չի կարող լինել»:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ անկախ նրանից, թե ով կլինի այդ պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ Նա միաժամանակ ասաց, որ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են և այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի։
«ԱԱԾ-ի իմ գործընկերներին արդեն կոչ եմ արել, մեկ անգամ ևս կոչ եմ անում, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը։ Որևիցե «մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում նման ինֆորմացիա չպետք է հայտնվի։ Մեր լրատվական ծառայությունը չի կարող ԱԱԾ լրատվական ծառայության դերը կատարել։ Եթե գործ կա, ԱԱԾ-ի լրատվականը պետք է տեղեկացնի», - նշեց Դավիթ Սանասարյանը։
Նշենք, որ խնդիրն առնչվում է հեմոդիալեզի շուկայի ուսումնասիրություններին, ոլորտում ծառայություն մատուցող ընկերություններից մեկի տնօրենը հայտնել էր, թե ՊՎԾ-ն փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը:
Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք շարունակելու են ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան՝ անկախ նրանից, թե ով է ցանկանում կամ չի ցանկանում, կամ ում շահն է այստեղ «տրորվում»: Նրա խոսքով՝ մրցակցային շուկա չի եղել այս դաշտում: Նաև նաև նշեց, որ եթե ՊՎԾ աշխատակիցների մեղքն ապացուցվի, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ա-ն և նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խ-ն կալանավորվել են:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն երկու օր անց խոսեց. ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք կալանավորվել են
- ՊՎԾ պաշտոնյանների ձերբակալության մասին ԱԱԾ-ն ու ՊՎԾ-ն, արդեն մեկ օր է, լռում են
- ԱԱԾ-ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում պետական վերահսկողական ծառայությունում ձերբակալությունների լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին