Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին
Հրապարակվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի մասնակիցների կազմը: 2019 թ. կայանալիք մրցաշարերին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գրան Պրի շարքում կվիճարկվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր:
Արոնյանից բացի մասնակիցների թվում են ռուսաստանցիներ Գրիշչուկը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Սվիդլերը, Յակովենկոն, Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին և Վեյ Ինը, ամերիկացիներ Սոն ու Նակամուրան, լեհեր Վոյտաշեկն ու Դուդան, ֆրանսիացի Վաշյե-Լագրավը, հոլանդացի Գիրին, բուլղարացի Տոպալովը, չեխ Նավարան, հնդիկ Հարիկրիշնան:
Շարքը բաղկացած է չորս մրցաշարից՝ Մոսկվա (մայիսի 16-30), Ռիգա (հուլիսի 11-25), Համբուրգ (նոյեմբերի 4-18) և Թել Ավիվ (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է երեք մրցաշարի: Արոնյանը կմասնակցի Մոսկվայի, Ռիգայի և Թել Ավիվի փուլերին: