Դասագրքերը կիսելը չի ողջունվում
Դասագրքերը կիսելով, բնականաբար, ֆինանսական ծախսերը կավելանեն։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դպրոցական դասագրքերը լինելով երկհատոր, ինչպես առաջարկում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նոր ծախսեր չեն առաջացնի։
Նրա կարծիքով, պետք չէ շտապել, կարելի է անել փորձնական, ամեն հրատարակչություն 1-2 դասագիրք անի, որոնք ավելի ծանր են, տեսնեն, եթե իմաստ ունի, նոր շարունակեն։ Մ. Կարապետյանն առաջարկում է, որ ոչ թե դասագրքերը կիսել, այլ կարելի է ընդհանուր տետրերը կրճատել, աշակերտները 12 կամ 24 թերթանի տետրեր վերցնեն, ինչի արդյունքում պայուսակները ինչ-որ չափով կթեթևանան։
«Տարրական դասարանում առարակները շատ չեն, գրքերն էլ, որոնք մենք են հրատարակում, ընդհանուր առմամբ, միջինում 300 -350 գրամ են։ Պայուսակում 3-4 գիրք է լինում, միջին քաշը 1 կիլոգրամ է լինում։ Մեր գրքերը բավարարում են Համաշխարհային բանկի ներկայացրած չափանիշներին»,- ասաց Մ. Կարապետյանը։
«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրենի կարծիքով, ոչ թե գնալ դասագրքերը կիսելու ճանապարհով, ինչը նաև արհեստական է, այլ ապագայի համար նոր ծրագրեր մշակել՝ ներդնելով նաև էլեկտրոնային բաղադրիչ, դասագրքերը բեռնաթափել ոչ թե ֆիզիկապես, այլ բեռնաթափեն ծրագրերը, դասագիրքը դառնա ավելի փոքր։
«Մանմար» հրատարակչության տնօրեն Ալլա Հարությունյանը նույնպես նշեց, որ գնային առումով միանշանակ թանկացում է լինելու։ Նրա կարծիքով, դասագիքերը կիսելը ճիշտ չէ։
«Նախարարի կողմից ընդունված, կայացրած որոշում է, մենք այլևս քննարկելու բան չունենք, ասելիք էլ չունենք։ Արդեն իսկ դա որոշված է»,- ասաց Ա. Հարությունյանը։
Նրա խոսքով, կարելի էր ծրագրերն ամբողջութամբ փոխվել, որի հիման վրա նոր դասագրքեր ստեղծվեն, որոնք անհամեմատ ավելի թեթև կլինեն, ոչ այնքան ծանրաբեռնված, ինչպիսին այսօրվա գրքերն են։
Նշենք, որ օրեր առաջ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն, մասնավորապես նոր դասագրքերը լինելու են երկհատոր։
ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի հրամանով՝ դասագրքի քաշը չպետք է գերազանցի I-IV դասարանցիների համար՝ 350 գրամը, V-VI դասարանցիների համար՝ 400 գրամը, VII-IX դասարանցիների համար՝ 500 գրամը, X-XII դասարանցիների համար՝ 600 գրամը։
Հարակից հրապարակումներ`
- Դասագրքերի հետ կապված շատ տեղին են բողոքները. ԿԳ նախարար
- «Դպրոցական դասագրքերը վերանայելու կարիք կա». քննարկում
- Առաջինից երրորդ դասարանի աշակերտների պայուսակը չպետք է լինի 2-2,5 կգ-ից ավելի.մասնագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան