ԵՊՀ հոգաբարձունների խորհուրդը չհաստատեց օրակարգը
Քվեարկության 14 դեմ, 13 կողմ արդյունքներով ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նիստի օրակարգը չհաստատվեց։ Հաստատվելու համար անհրաժեշտ էր 16 ձայն։
Հիշեցնենք, որ օրակարգում մեկ հարց էր ընդգրկված՝ ԵՊՀ ռեկտորի աշխատանքը շարունակել չշարունակելու հարցը։
ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտարարեց՝ նիստը հետաձգվում է։
ԵՊՀ նախկին դասախոս, ԿԳ նախկին փոխնախարար, այժմ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, իրենից ավելի ոչ մեկ չի կարող շահագրգռված լինել բուհերի՝ ինքնավարություն ունենալու հարցով։ Նա ասաց, Սիմոնյանի հետ ունեցել է ու կունենա լավ հարաբերություններ։
«Միշտ կոնտակտը պահել եմ։ Կարծում եմ, հարցի անհարկի քաղաքականացում տեղի ունեցավ։ Մամուլում այսօր տեսա մի ստահոդ հոդված իմ մասին, որ համալսարանից արտահոսք էր»,-ասաց նա՝ ավելացնելով, որ համալսարանի մոտ օրեր շարունակ իրականացվող ակցիաները ի շահ ռեկտորի չէին, առաջին հերթին վնասում էին համալսարանի ռեկտորի ու բուհի հեղինակությանը։
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էլ իր ելույթում ասաց, եթե այսօր թողնենք, հեռանանք, հարցը դեռ եփվելու է։
«Քանի սկսել ենք շտակ խոսել, խոսենք։ Եվ շատ բան կբացվի։ Մենք տեսնում ենք համալսարանի ներկայացուցիչների զգացական ու միակողմանի ելույթները»,-ասաց նա։
Գյուրջինյանը նկատեց՝ անցյալի փառքին ապավինելը ճիշտ ճանապարհ չէ։ Նա առաջարկեց օրակարգում որևէ փոփոխություն չանել ու քվեարկել։
«Մենք չենք կարող հապաղել։ Կրկնում եմ, այս պահին այստեղ ընդհատել ու տուն գնալ, ճիշտ չէ»,-ասաց նա։
Գյուրջինյանի առաջարկին միացավ նաև խորհրդի անդամ Հ. Դանիելյանը, ասաց՝ պետք է նորից քվեարկել։ Սրան էլ դեմ ելույթ ունեցան խորհրդի մյուս անդամները, առաջարկեցին ամփոփել։
Խորհրդի անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գ. Հաջյանը մյուսներին էլ կոչ արեց՝ թողնել ջայլամի քաղաքականությունը, հստակ ասել, Արամ Սիմոնյանին ի՞նչ մեղքի համար են ուզում հեռացնել։
Հ. Դանիելյանը կրկնեց իր առաջարկությունը, օրակարգում ներառել երկու հարց՝ համալսարանում ստեղծված իրավիճակի քննարկումն ու ռեկտորի լիազորությունների դադարեցման հարցը։
Սա բարկացրեց ներկաներից մի քանիսին։ Դ. Ափոյանը բարձրաձայնեց. «Քննարկեցինք, քվեարկեցինք։ Հիմա ինչի՞ երկրորդ, երրորդ, տասներորդ անգամ քվեարկենք։ Մինչև ձեր ուզածը ստացվի՞։ Նա կրկնեց՝ դեմ է անձի վրա կենտրոնանալուն»։
Ամեն դեպքում Դանիելյանի առաջարկությունը դրվեց քվեարկության՝ 12 կողմ, 13 դեմ արդյունքով նիստը հայտարարեց ավարտված։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Ափոյան. Մեկ տարվա ընթացքում մենք տեսնում ենք կենտրոնացում ԵՊՀ-ի վրա
- Ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամներ. Ամեն գնով դիմացինին հաղթելու ցանկությունը մոռացնել է տվել համալսարանի շահը
- Արթուր Ղազինյան. Իշխանություններն ամեն գնով ցանկանում են տեսնել իրենց լոյալ ղեկավար կազմ ԵՊՀ-ում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ԵՊՀ-ն պետք է կանգուն մնա
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում