Այստեղ պետք է քաղաքական կամք. Մարուքյան
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը ներկայացրած նախագծով առաջարկեց 2004 թվականի հունիսի 9-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կալանավորների՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը մեկ օրվա փոխարեն հաշվարկել մեկուկես օրվա դիմաց:
Պատգամավորը հիշեցրեց, որ համաներումից առաջ այս նախագիծը շրջանառության մեջ էր դրված իր կողմից. «Քննարկումների արդյունքում հասանք նրան, որ չնայած կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, հանձնաժողովն ընդունել էր: Մենք փոփոխություն ենք մտցրել նախագծում, որ այն ապագայի վրա չի տարածվի, օրենքը կունենա միայն հետադարձ ուժ։ Մենք համաձայն եք կառավարության հետ, որ հիմա ՔԿՀ-ներում չկա ծանրաբեռնվածություն, դրա համար հետադարձ ուժ ենք ուզում տալ այս նախագծին, լուծել այս խնդիրը և շարժվել առաջ` այլևս երբևէ չանդրադառնալով այս հարցին»։
Մարուքյանի խոսքով՝ այստեղ պետք է քաղաքական կամք, եթե կա քաղաքական կամք, հարցը լուծելու մեխանիզմներ կգտնեն, որ դատարանները չբեռնվեն, պետությունն էլ պետք է ռեսուրս ծախսի խնդիրները լուծելու համար։