Այաթոլլա Խամենեի. Հակառակ ԱՄՆ-ի ցանկության՝ Իրան-Հայաստան հարաբերությունները պետք է մնան ամուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իրանում հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին: Խամենեին հանդիպմանը նշել է, որ Իրանը և Հայաստանը լավ հարևաններ են, ունեն պատմական հարաբերություններ և ընդգծել է տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
Խամենեիին այնուհետ ավելացրել է. «Ի հակառակ ԱՄՆ-ի ցանկության՝ Իրան-Հայաստան հարաբերությունները պետք է լինեն ամուր, հաստատակամ ու բարեկամական»: Այս մասին տեղեկանում ենք իրանական IRNA գործակալությունից։
Իսլամական հեղափոխության առաջնորդը մատնանշել է այն շատ բարեկամական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն Իրանում հայերի ու իրանցիների միջև, ինչպես նաև Իրանի հայ համայնքի զոհաբերությունները` Սուրբ Պաշտպանության ժամանակաշրջանում` ԱՄՆ-ի աջակցությամբ Սադդամի 8-ամյա պատերազմի ժամանակ։
Գերագույն առաջնորդն համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացումն համարել է որպես պարտականություն, որը պետք է իրականացվի Իրանի և Հայաստանի ընդհանուր շահերին համապատասխան, ավելացնելով, որ ԱՄՆ-ն ամբողջովին անվստահելի է և մշտապես փորձում է առաջացնել խռովություն, կոռուպցիա, հակամարտություն ու պատերազմ:
«Նրանք դեմ են Իրանի և Հայաստանի հարաբերություններին և հակադրվում են ազգերի շահերին: Սակայն, ի պատասխան, մենք պետք է ամրապնդենք մեր հարաբերություններն ու համագործակցությունը»,-ասել է Խամենեիին:
Նշելով Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները պատմության ընթացքում, Այաթոլլա Խամենեին ասել է, որ Իրանը և Հայաստանը երբեք որևէ խնդիր չեն ունեցել միմյանց հետ:
«Ըստ մեր իսլամական ուսմունքների, համարում ենք, որ պարտավոր ենք լավ վարվել մեր հարևան երկրների հետ, եթե անգամ ԱՄՆ պաշտոնյաները, ինչպիսիք են Ջոն Բոլթոնը, պատկերացում չունեն նման հարցերից կամ մարդկային հարաբերություններից», - ասել է Խամենեին:
Այաթոլլա Խամենեին ասել է, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության մակարդակը շատ ավելի ցածր է, քան երկու ժողովուրդների ունեցած ներուժն է և որ այս այցի ընթացքում կնքված համաձայնագրերը պետք է նպատակասլաց կերպով իրականացվեն:
Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը պետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև բանակցությունների շարունակման արդյունքում: Խամենեին նաև հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին՝ առաջարկել խնդրի լուծման հարցում աջակցություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան