Թատերական գործիչներ. Էքսպերիմենտների փոխարեն ընդունեք թատերական գործի զարգացմանը խթանող օրենքներ
Հայաստանի թատերական գործիչների միությունում երեկ տեղի է ունեցել հավաք, որին ներկա են եղել Հայաստանի թատրոնների տնօրեններն ու գեղարվեստական ղեկավարները։ Թատերական գործիչներն իրենց անհանգստությունն են հայտնել ՀՀ մշակույթի նախարարությունում շրջանառվող փաստաթղթի վերաբերյալ, ինչը ենթադրում է մի քանի թատրոնների օպտիմալացում, իսկ որոշ դեպքերում լիկվիդացում։ Այս մասին հայտնում են Թատերական գործիչների միության մամուլի ծառայությունից։
Թատերական գործիչները համոզված են, որ առանց մասնագիտական քննարկման և վերլուծության անթույլատրելի է որևէ արմատական փոփոխության մասին խոսելը, առավել ևս, դրանք իրականացնելը: Թատերական գործիչները գտնում են, որ անտրամաբանական էքսպերիմենտների փոխարեն ժամանակն է ընդունել թատերական գործի զարգացմանը խթանող մի շարք օրենքներ /մեկենասության և հովանավորության մասին օրենքը, արտոնությունները հարկային դաշտում, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կվերաբերվեն գնումների մասին օրենքին, թատրոնի գործունեության պլանավորման և գանձապետարանում հաշիվներ ունենալու հարցին/, որոնց անհրաժեշտությունը վաղուց հասունացել է:
Հայաստանի թատերական գործիչների միությունը պատրաստվում է համապատասխան նամակով դիմել կառավարություն և Ազգային ժողով՝ միաժամանակ հայտնելով նշված խնդիրների քննարկումներին մասնակցելու իր պատրաստակամությունը։
Մամուլում հայտնվել էր տեղեկություն, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպություններից որոնք են առաջարկվել լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Մասնավորապես այդ ցուցակում են՝ «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն», «Հայաստանի երգի պետական թատրոն», «Երևանի կամերային պետական թատրոն», «Երևանի կամերային երաժշտական թատրոն», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա», «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը և կազմակերպություններ: