ԳԱԿ-ում բացվում է «Կասկադի պատմությունը» ցուցադրությունը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) այսօր կբացվի «Կասկադի պատմությունը» վավերագիր ցուցադրությունը՝ Կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս ցուցադրությունն առաջինն է ԳԱԿ-ի անցած ուղին ներկայացնող ցուցադրությունների շարքից, որոնք իրականացվելու են 2019 թ. ընթացքում:
Կառույցը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է իբրև «Կասկադ»: Սկզբնական գաղափարը պատկանում էր ճարատարապետ Ալեքսանդր Թամանյանին, որի տեսլականը հետագայում կյանքի է կոչել Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի մասնակցությամբ: Նախագծվեց մոնումենտալ արտաքին աստիճաններ, ներսի երկար շարժասանդուղքներով թունել, սրահներ, բակեր և բացօթյա պարտեզներ ներառող բարդ ցանց՝ զարդարված հայոց հարուստ պատմության և ազգային մոտիվներով կերտված բազմաթիվ զարդաքանդակներով: 1970-ականների ավարտին սկսված շինարարական աշխատանքները մնացին անավարտ՝ 1988 թ. երկրաշարժի և 1991 թ. Խորհրդային Միության փլուզման պատճառով:
2002 թ. «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, նախաձեռնել է Կասկադ համալիրի և Թամանյան պուրակի վերանորոգումը: Շուրջ 7 տարվա շինարարական աշխատանքներից հետո, 2009թ. նոյեմբերին Կասկադ համալիրն իր 10 նոր ցուցասրահներով և քանդակների պարտեզով վերաբացվել է որպես Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ կրելով իր հիմնական բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը:
«Ցուցադրված լուսանկարները և տեսանյութերը ներկայացնում են Կասկադ համալիրի նախասկիզբը, կառուցապատման աշխատանքները և փոխակերպումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի: Իր տասմանյա ակտիվ գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրականացրել է 60 ցուցադրություն, 48 կրթական ծրագիր և մոտ 1000 համերգային և հանրային ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող Կենտրոնն այսօր դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը», - նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրությունը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը: Մուտքն անվճար է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան