Շտապօգնության աշխատակիցները դիմել են վարչապետին
Երևանի քաղաքապետարանի «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ-ի 375 աշխատակից դիմում են գրել ՀՀ վարչապետին, Առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին, որպեսզի բարելավվեն աշխատողների աշխատանքային պայմանները։ Մասնավորապես, նրանք ցանկանում են պատկան մարմինների ուշադրությունը սևեռել ներկայումս ՇՊՕ-ում տիրող իրավիճակին։
«Չնայած բազմիցս հնչող խոստումներին, շտաբ բժշկական օգնության ոլորտը շարունակում է մնալ անտեսված։ Հաշվի առնելով նման պայմաններում մասնագիտական աշխատանք իրականացնելու անհնարինությունը և անարդյունավետությունը՝ պահանջում են կարգավորել հետևյալ խնդիրները՝ բժշկական ապահովագրության տրամադրում, աշխատանքի ծավալին համապատասխան աշխատավարձի վճարում, նոր բրիգադների ավելացում, որպեսզի եղած բրիգադները գերծանրաբեռնված չաշխատեն, բժշկական համազգեստի հատկացում, հանգստի արժանապատիվ պայմաններ՝ ներառյալ վերանորոգված հանգստի սենյակ, սանհանգույց և խոհանոց»,- նշված է նամակ-դիմումում։
Այն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Շտապօգնություն» ՓԲԸ–ի նախկին աշխատակից Վահրամ Բուլղադարյանը։ Վերջինս մեկ ամիս առաջ է դուրս եկել համակարգից և որպես ազատման պատճառ նշել է գերծանրաբեռնված աշխատանքը, օրական մինչև 30 կանչի սպասարկումը։
«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բարձրացված խնդիրներն իրենց համար նորություն չէին, հայտարարության մեջ նշված հարցերը բարձրացվել էին դեռևս մեկ ամիս առաջ։
«Փոխքաղաքապետը, առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ես հանդիպել ենք աշխատակցիների հետ, քննարկել ենք առկա խնդիրները և դրանք աստիճանաբար լուծվում են, ընթացքի մեջ են»,- ասաց Թագուհի Ստեփանյանը։
Նրան զարմացրել է նամակ-դիմումի հրապարակումը, երբ արդեն փորձում են կետ առ կետ խնդիրները լուծել։
«Այնպես չէ, որ մենք համաձայն չենք այդ բոլոր կետերի հետ, բայց բնական է, որ դրանք մեկ օրում չենք կարող լուծել»,- ընդգծեց նա։
Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ 6-րդ ենթակայանում արդեն պատուհանները փոխել են, իսկ վերանորոգման համար մրցույթ պետք է հայտարարվի։ Ընթացքում, ըստ նրա, բոլոր ենթակայանները պետք է վերանորոգվեն։
Ինչ վերաբերում է բժշկական ապահովագրությանը, ապա հարցը կլուծվի արդեն առաջիկա 1-1,5 ամսում:
Խոսելով ծանրաբեռնված գրաֆիկից, Թագուհի Ստեփանյանն ասաց, որ դա կախված չէ ոչ նախարարից, փոխքաղաքապետից, այլ մարդկանց գիտակցությունից, թե որ դեպքերում պետք է շտապօգնություն կանչել։
«Բայց յուրաքանչյուր մարդ, երբ գալիս է այս համակարգում աշխատելու, մոտավորապես պատկերացնում է, թե դա ինչ ծանր աշխատանք է և հնարավոր է գերծանրաբեռնված ռեժիմ»,- ասաց նա։