ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) փետրվարին տարածաշրջան կատարած այցից, փետրվարի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներում քննարկել են մոտ ապագայում երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը, ներառյալ քննարկման հնարավոր թեմաները։ Այս մասին ասվում է այսօր համանախագահների տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ համանախագահները նաև քննարկումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իրենց մայրաքաղաքներում։ Համանախագահներին ուղեկցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
«Տարածաշրջանում հանդիպումների ժամանակ երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են հունվարին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում իրենց վերջին զրույցի մասին: Ղեկավարներն ու համանախագահները քննարկել են իրավիճակը տեղում և իրենց սպասումները հաջորդ քայլերի վերաբերյալ։
Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Նրանք նաև ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները:
Ղեկավարներն ընդունել են համանախագահների առաջարկությունը՝ շուտով հանդիպել իրենց հովանու ներքո»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ տարածաշրջան այցից հետո համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը փետրվարի 28-ից Մարտի մեկը մեկնել են Վիեննա և Բրատիսլավա՝ այցի արդյունքների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ու ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին զեկուցելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին