ՔԿ. Հրազդանի նախկին քաղաքապետը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը:
Քննչական կոմիտեից հայնում են, որ մասնավորապես, Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, 2015-2018թթ. ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Ի 2019 թվականի փետրվարի 26-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել է: Փետրվարի 28-ին վերջինս ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված՝ 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:
Նախաքննությունը շարունակվում է:
Այս պահին, ինչպես հայտնեցին Panorama.am-ին Քննչական կոմիտեից, Դանիելյանին մեղադրանք առաջադրված չէ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: