«Գազպրոմը» նվազեցրել է դեպի Եվրոպա գազի մատակարարման ծավալները
2019 թվականի սկզբին «Գազպրոմը» նվազեցրել է օտարերկրյա պետություններին մատակարարվող գազի ծավալները։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ ներկայացնելով ընկերության հրապարակած տվյալները։
Ինչպես նշվում է, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը «Գազպրոմ»-ը մատակարարել է 32,7 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը 5,8%-ով պակաս է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
«Արտահանման ծավալների վրա նաև ազդել է փետրվարին Եվրոպայում գրանցված տաք եղանակը»,- նշել են ընկերությունը:
Միաժամանակ նշվում է, որ առանձին երկրների մատակարարման ծավալներն ավելացել են։ Դրանց թվում են Ավստրիան (34.9%), Չեխիան (77.9%), Իտալիան (10.9%), Սլովակիան (13.2%) և Հունգարիան (10.1%), Սերբիան (5.2% ) և Դանիան (9.9%):