Մարուքյան. Երբ սկսվեն դռնբաց նիստերը, այն ժամանակ կտեսնենք՝ մեզ բավարարում է, թե ոչ
«Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ իշխանափոխության արդյունքում այն համակարգը, որը որ ձգտում ենք կառուցել, այլևս երբևէ թույլ չի տալու մարտի 1-երի կրկնությունն»,- այսօր Մյասնիկյանի արձանի մոտ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ «Մարտի 1» չլինելու համար պետք է ստեղծել առողջ քաղաքական համակարգ, որտեղ կա մրցակցություն, ժողովրդավարական ինստիտուտներ։
Մինչ Մյասնիկյանի արձանի մոտ գալը Մարուքյանը եկեղեցում կազմակերպած հոգեհանգստի արարողությունից հետո էլ նշել էր. «Հիմա քրեական գործեր կան հարուցված, քննվում են, մենք էլ հետևում ենք։ Հույս ունեմ, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտվելու է, հույս ունեմ դատարանում կտեսնենք և կազմակերպիչներին, և սպանողներին, և հասարակությունը կգնա դեպի հաշտեցում։ Սակայն մինչ այժմ շատ քիչ բան է հայտնի, դրա համար էլ պետք է սպասել գործի քննության ավարտին։ Մենք գործի մասին տեղեկություններ չունենք, այն գաղտնի է քննվում։ Երբ սկսվեն դռնբաց նիստերը, այն ժամանակ կտեսնենք՝ մեզ բավարարում է, թե ոչ»։
Պատգամավորի խոսքով, ովքեր, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում դատապարտվել են զուտ քաղաքական նկատառումներով, անմեղ են։
«Կոնկրետ, ես ում պաշտպանել եմ, գիտեմ, որ անմեղ են, բայց դատարանը մեղադրական, դատավճիռ է կայացրել։ Եթե չեմ սխալվում, 150-ից ավելի մարդ է դատապարտվել։ Այդ գործերը պետք է ինչ-որ կերպ վերանայվեն, դրանից շատերը եվրոպական դատարանում են, և ՄԻԵԴ-ն այս գործերով պետք է վճիռներ կայացնի, որը հիմք կտա գործերը վերաբացել և քննել։ Մի մեծ հատված էլ կա, որ քննիչներ, դատախազներ, դատավորներ են եղել, որոնք դակել են այս մեղադրանքները, կարել են այս գործերը։ Սա մի ամբողջ քննություն է, պետք է հետևել այս պրոցեսներին։ Ապագա քաղաքական համակարգը պետք է այնպես կառուցել, որ այն լինի ժողովրդավարական, ազատ, թափանցիկ, հաշվետու, և մենք այլև Մարտի 1-ի խնդիր չենք ունենա», - հավելեց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
- Փաշինյան. Ուզում եմ հստակ արձանագրել, որ վերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին