Կաթնամթերքի շուկան՝ թվերով
Հայաստանում 2018 թվականին կաթնամթերքի մի շարք տեսակների արտադրության ցուցանիշներն աճել են, մինչդեռ կաթի արտադրությունը՝ նվազել:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 21 հազար 248.7 տոննա պանիր, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11%-ով։
Նախորդ տարի 4.2%-ով աճել է թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 5 հազար 120.7 տոննա, 66.1%-ով էլ ավելացել է կաթնաշոռի արտադրության ծավալը՝ կազմելով 1 435.2 տոննա։ Նշենք նաև, որ 2018 թ-ին հանրապետությունում արտադրվել է 7 հազար 585.2 տոննա մածուն՝ 2017 թ-ի համեմատ աճելով 21.1%-ով։
Ավելացել է նաև պաղպաղակի արտադրությունը։ Նախորդ տարի արտադրվել է 12 մլն 151.4 լիտր պաղպաղակ՝ 25.5%-ով ավելին 2017-ի համեմատ։
Վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի կաթի արտադրության ծավալները նվազել են 7.9%-ով. եթե 2017թ-ի հանրապետությունում արտադրվել է 461.8 մլն լիտր կաթ, ապա 2018թ-ին՝ 425.3 մլն լիտր։