Ստանիսլավսկու անվան թատրոնում միաժամանակ երկու ներկայացում է պատրաստվում
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջիկա ամսիներին թատրոնը ներկայացնելու է Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» և Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները։
Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը հայտնում է, որ թատրոնում երկու խումբ զուգահեռաբար երկու ներկայացում է պատրաստում։
«Մարտի վերջերին հանդիսատեսի դատին կհանձնենք Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։ Զուգահեռաբար ընթանում են Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման փորձերը, որի բեմադրիչը ես եմ։ Ներկայացման առաջնախաղը մայիսին է։ Բացի դրանից բեմ կվերադառնան «Գայլն ու յոթ ուլիկները», «Բժիշկ Այբոլիտը» մանկական ներկայացումները (բեմադրիչ՝ ՀՀ վաստ․արտիստ Իռա Հարությունյան)։
Ինչ վերաբերում է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը՝ պետք է ասեմ, որ անասելի հետաքրքիր գործ է, որը լուրջ ու մանրակրկիտ մոտեցում է պահանջում։ Պիեսն ունի բարդ կառուցվածք, վառ ու կրքոտ կերպարների մարմնավորումը դերասաններից ֆիզիկական և հուզական մեծ լարում է պահանջում։ Բանաստեղծական տեքստը այնքան էլ դյուրամարս չէ։ Սա այն պիեսներից է, որը դերասաններին զարգանալու և աճելու հնարավորություն է տալիս։ Փորձերին զուգահեռ անց ենք կացնում բեմական խոսքի թրեյնինգների շարք, որը վարում է Դարյա Կազեևան։ Ներկայացման բարդ պլաստիկ լուծումների վրա աշխատում է Արա Ասատուրյանը։ Մի խոսքով, աշխատանքը եռում է, դերասանները մեծ ոգևորությամբ են աշխատում, և դա չի կարող չուրախացնել։ Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև ներկայացման գեղարվեստական ձևավորման վրա․ զգեստների նկարիչ՝ Ինեսա Սևունց, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան»,- ասել է նա։
Կարեն Ներսիսյանի խոսքով, փետրվար-մարտ ամիսներն իր համար գերծանրաբեռնված են։ Մինչ ռուսական թատրոնում գեղարվեստական ղեկավար նշանակվելը բեմադրիչն այլ պայմանավորվածություններ ուներ։
«Մի քանիսից հրաժարվեցի, սակայն չէի կարող հրաժարվել Սարանսկի ռուսական դրամատիկական թատրոնում նախատեսված Ժան-Բատիստ Մոլիերի «Ժորժ Դանդեն, կամ Խաբված ամուսինը» պիեսի բեմադրության առաջարկից։ Այն պետք է սուղ ժամկետներում ավարտին հասցնեմ։ Ի դեպ, ներկայացումը մասնակցում է Սարանսկում անցկացվող արտերկրի ռուսական դրամատիկական թատրոնների «Սոոտեչեստվեննիկի» XVI միջազգային փառատոնին։ Այդ փառատոնին Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է։ Ու, թեև, այս տարի ներկայացում չի ցուցադրի, սակայն ներկայացուցիչ կունենա։ Փառատոնի ծրագրում նշված է Կարեն Ներսիսյան՝ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Հանգիստ եմ, որ իմ բացակայության օրերին Երևանում թատրոնը ստեղծագործական պարապուրդի չի մատնվի»,- պատմել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
- Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Երկու բեմադրիչ է պայքարելու Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի թափուր պաշտոնի համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին