Աննախադեպ վիրահատություն. Նորք Մարաշ-ի սրտաբանները 72 ամյա կնոջ սրտից հեռացրել են հսկայական նորագոյացություն
Օրեր առաջ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» կատարվել է աննախադեպ վիրահատություն. 72 ամյա կնոջ սրտից անհետաձգելի կարգով հեռացվել է հսկայական նորագոյացություն: Այս մասին տեղեկանում ենք «Նորք Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Գոյացության գիստոլոգիական հետազոտությամբ հաստատվել է թիմոմա ախտորոշումը: Վերջին ամիսների ընթացքում կինն ունեցել է պրոգրեսիվող շնչարգելություն և դեմքի այտուցվածություն: Ընդունվելիս պացիենտի դիրքը եղել է հարկադրական, դեմքի շրջանում արտահայտված այտուց և կապտություն: Էխոսրտագրով աջ նախասրտում ծավալուն գոյացություն է հայտնաբերվել, որը գրեթե լցնում էր աջ նախասրտի խոռոչը:
Պացիենտը հոսպիտալացվել է, կատարվել է կոնտրաստային ՀՏ հետազոտություն, որից հետո պարզվել է՝ տարածուն ուռուցք, որը սկիզբ էր առնում անանուն երակի կողմից ներաճելով և խցանելով անանուն երակը, վերին սիներակը և լծային երակները: Նորագոյացությունը արտաքինից գրկում էր ձախ ենթանրակային և քնային զարկերակները սեղմելով, աորտայի աղեղի վրա տարածվելով մինչև վայրէջ աորտայի սկզբնական հատվածները։
Օնլայն (առցանց) ռեժիմով կոնսիլիում կազմակերպվեց ՆՄԲԿ-ի սրտային վիրաբուժության դպրոցի հիմնադիր, առաջատար հայտնի սրտային վիրաբույժ՝ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի (ԱՄՆ) հետ և որոշում կայացվեց պացիենտին անհետաձգելի կարգով տեղափոխել վիրահատարան:
Կատարվեց ծավալային վիրահատություն: ՆՄԲԿ -ի բուժանձնակազմի ջանքերով, ի դեմս՝ վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանի, հաջողվել է առանց բարդությունների ավարտել վիրահատությունը: Վիրահատությունն առանձնահատուկ էր նաև նրանով, որ գոյացությունը գտնվում էր ոչ միայն սրտի խոռոչում, այլ նաև արտաքին մակերեսին՝ մասնակի աորտայի վրա սեղմված: Պացիենտը գտնվում է հետվիրահական բաժանմունքում, վիճակը կայուն է»,- նշված է հաղորդագրության մեջ։