Դատավորները պատրաստ են ԲԴԽ նախագահի պաշտոնավարման հարցը բարձրացնել ՄԻԵԴ-ում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեսքսեյ Սուքոյանը մտադիր են ԲԴԽ նախագահի պաշտոնավարման հարցով դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
Կարինե Պետրոսյանը մանրամասնել է, որ այս տարվա հունվարի 14-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված դիմումով հայտնել են, որ գործող ՀՀ բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարում է անձ Գագիկ Գարուշի Հարությունյան /ծնված 23.03.1948 թվականին/, որի լիազորությունները ՀՀ Դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով պետք է դադարած լինեին` նրա 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անպայման հայտարարություն է տարածում:
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունների դադարման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում:
Հաշվի առնելով վերը նշված օրենսդրական նորմերի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված դրույթի պահանջները` խնդրել էինք Բարձրագույն դատական խորհրդի անդամներին` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով լիազորությունները դադարելու վերաբերյալ:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը 30.01.2019 թվականի Ե-434 գրությամբ պատասխանել է, որ Դատական օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններին հղում կատարելու տրամաբանությունն ուղղված է ոչ թե Խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքեր սահմանելուն, այլ լիազորությունների դադարման ընթացակարգային կանոններ նախատեսելուն:
Հարգանք ունենալով ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի անձի նկատմամբ` պնդում ենք, որ վերջինս իրավասու չէ իրավական գնահատական տալ Բարձրագույն դատական խորհրդի անդամների փոխարեն: Առավել ևս, որ սա եզակի դեպք չէ:
Մասնավորապես, մենք` դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը, դիմել էինք Բարձրագույն դատական խորհրդի անդամներին` խնդրելով կարգապահական վարույթ հարուցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ, և դարձյալ ԲԴԽ անդամների փոխարեն ենթադրյալ հիմքերի բացակայության վերաբերյալ իրավական գնահատական էր տվել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը:
Կարգապահական վարույթների հարուցման մասով դատավորների բողոքները այժմ գտնվում են քննության փուլում, և բացասական արդյունքի դեպքում, սպառելով ներպետական դատական ատյանները, հարցը կբարձրացնենք նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում:
ԲԴԽ նախագահի` տարիքը լրանալու հանգամանքով պայմանավորված լիազորությունները դադարած լինելու հարցի կապակցությամբ տրված 30.01.2019 թվականի Ե-434 գրությունը գնահատում ենք որպես ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի սուբյեկտիվ կարծիք` ԲԴԽ անդամների փոխարեն դիրքորոշում հայտնելու լիազորությունների բացակայության պայմաններում, հետևաբար ակնկալում ենք ԲԴԽ անդամների գրավոր արձագանքը:
Նշենք նաև, որ նշված պահանջը լրացված հայցի տեսքով այժմ ևս գտնվում է քննության փուլում, և, հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի դերի կարևորւթյունը՝ դատական իշխանության ակախությունը երաշխավորելու հարցում, մենք հետևողական ենք լինելու իրավունքների պաշտպանությանը»,-գրել է դատավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան