Իրանի հետ ԵԱՏՄ պարզեցված համաձայնագիրը՝ առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն. Տիգրան Խաչատրյան
Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագիրը մեծ հնարավորություն կստեղծի Հայաստանի և Իրանի համար։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Մասնավորապես, ԵԱՏՄ-ի տարածքում գործող կազմակերպությունները, այդ թվում՝ նաև Հայաստանում, դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտք կունենան։ Բացի այդ, ըստ նախարարի, դա հնարավորություն է նաև իրանական արտադրողների համար, որոնց համար ռուսաստանյան, բելառուսական, հայկական, ղազախական շուկաներն ամենևին երկրորդական նշանակություն չունեն, հատկապես այն պայմաններում, որում այսօր գտնվում է իրանական տնտեսությունը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը Իրանի հետ չունի արտոնյալ առևտրի համաձայնագիր։ «Դա լինելու է մեր առաջին պարզեցված առևտրի համաձայնագիրը Իրանի հետ ԵԱՏՄ-ի կազմում»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ ոլորտների վրա դա ազդեցություն կունենա։
Նախարարը միայն նշեց, որ խոսքը վերաբերում է 300 ապրանքատեսակի։
Հարցին, թե արդյոք Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խոչընդոտ չեն հանդիսանա, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ բնականաբար, դրանք կարող են ազդել, բայց դրանք կիրառվում են այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ որոշակի ուղղություններով։
«Բայց պատժամիջոցները ժամանակավոր են, իսկ համաձայնագիրը երկարաժամկետ է։ Համաձայնագիրը ստորագրվել է, արդեն 5 երկրից երեքը վավերացրել են, Հայաստանը ևս շուտով կվավերացնի։ Այն մեզ հնարավորություն կտա ցանկացած ապրանք, որն արտադրվում է Հայաստանում, Իրանի շուկա ավելի քիչ արգելքներով արտահանել։ Ընդհանրապես առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն է»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում