Մաքսատուրքերի բարձրացման արդյունքում մեքենաների գները կավելանան. Մելքումյան
Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա գումարած նիստում քննարկում էր Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակը և արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները:
Հիմնական զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը անդրադառնալով մաքսատուրքերի հարցին՝ նշեց, որ մաքսատուրքերը, որոնք երրորդ երկրների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառող արժեքային գործիք են և նպատակ ունեն պաշտպանել ներքին տարածքն ու ներքին արտադրողներին։
Հանձնաժաղովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայնեց, որ 2017 թվականին ԵԱՏՄ մաս կազմող Հայաստան երրորդ երկրներից ներկրվել է 37 հազարից ավելի ավտոմեքենա, իսկ 2018 թվականին՝ 65 հազար ավտոմեքենա:
«2020 թ հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ չորս-հինգ անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Ճիշտ չի՞ լինի, որ մենք դիմենք ԵԱՏՄ-ին և առաջարկենք, որ հինգ տարով մաքսատուրքերը Հայաստանի համար չբարձրանան»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց նաև, որ բացի սրանից թռչնամսի ներկրումը 2020 թվականին դառնալու է 25 տոկոս. «2021 թվականին 50 տոկոս, հետագայում 80 տոկոս։ Պարոն նախարար, չե՞ք գտնում, որ մենք պետք է շուտ միջոցներ ձեռնարկենք, այս հարցերը քննարկենք»։
Ի պատասխան Տիգրան Խաչատրյանն ասաց. «Ձեր նշած բոլոր դեպքերի համար մենք խոսում ենք այն արտոնյալ ժամանակահատվածի մասին, որը ՀՀ-ին տրվել էր անդամակցության ճանապարհն անցնելու հետ կապված։ Մենք կարող ենք բանակցել այդ արտոնյալ ժամանակահատվածն ավելացնելու ուղղությամբ: Այդ բանակցությունն արդեն մի անգամ եղել է»։