Վարդան Աճեմյան. Տերտերյանը մեր սիմֆոնիկ երաժշտությունը դարձրեց ճանաչելի ամբողջ աշխարհում
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի բոլորում է 10-ամյակը։ Հայկական կոմպոզիտորական դպրոցի հանրայնացմանն ու պահպանմանը միտված այս նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը նշում է, որ այս փառատոները մեծ դեր են խաղում մեր երաժշտական արվեստում։
«Փառատոնի շրջանակներում տասը տարիների ընթացքում կատարվել են գործեր, որոնք տասնամյակներ շարունակ չէին հնչել, բայց մեծագույն արժեք են մեր երաժշտության համար։ Եվ պետք է ասեմ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շատ մեծ դեր է կատարում հայկական երաժշտության զարգացման գործում»,- ասում է Վարդան Աճեմյանը։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ անցած 9 տարիների ընթացքում փառատոնն իրականացրել է 48 համերգ՝ հնչեցրել 78 հայ կոմպոզիտորի 200-ից ավելի ստեղծագործություններ: Փառատոնը ներկայացրել է ավելի քան 100 պրեմիերա՝ ներգրավելով Հայաստանում գործող կոլեկտիվներին և կամերային անսամբլներին։ Թվայնացվել են մեծ թվով ստեղծագործություններ։
Հայ կոմպոզիտորական արվեստ փառատոնը յուրաքանչյուր տարի նվիրվում է կոմպոզիտորական արվեստի մեր երախտավորներից մեկի հոբելյանին։ Անցած տարիներին փառատոնի շրջանակներում նշվել են Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Չուհաջյանի, Ռոմանոս Մելիքյանի, Հարո Ստեփանյանի, Գրիգոր Եղիազարյանի, Էդվարդ Միրզոյանի հոբելյանները՝ ներկայացնելով նրանց սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։
Վարդան Աճեմյանը նշում է է, որ Ավետ Տերտերյանը նոր էջ է հայկական երաժշտության մեջ։ «Տերտերյանը մեր սիմֆոնիկ երաժշտությունը դարձրեց ճանաչելի ամբողջ աշխարհում։ Մինչև հիմա հետաքրքրությունն Ավետ Տերտերյանի արվեստի նկատմամբ չի պակասում, և հակառակը՝ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծանում է։ Տասնամյակներ են անցնում, բայց Տերտերյանի երաժշտությունը, նրա արվեստը շարունակում են նորը մնալ, քանի որ այն ինքնատիպ է։ Եվ լսելիս անմիջապես գուշակում ես, որ տվյալ ստեղծագործությունը պատկանում է Տերտերյանի գրչին։ Նրա բոլոր գործերը չափազանց ժամանակակից են ու մոդեռն ոճով գրված, սակայն նույնիսկ չպատրաստված ունկնդիրը հաճույքով լսում ու տպավորվում է Տերտերյանի երաժշտությամբ»,- նշում է Վարդան Աճեմյանը։
Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի շրջանակներում մարտի 12-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Ավետ Տերտերյանի թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները։
Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան