Փաշինյանը՝ Բելգիայում. Մենք ցանկանում ենք իրական բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
Կառավարությունից հայտնում են, որ մարտի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը:
Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը:
Ողջունելով ՀՀ վարչապետին` ռեկտորը նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, և Լյուվենի Կաթոլիկ համալսարանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցություն զարգացնել: Լյուկ Սելսը ներկայացրել է Կաթոլիկ համալսարանի գործունեությունը. նա նշել է, որ այն ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում, որն իրականացնում է կրթության և հետազոտությունների վրա հիմնված միջազգային ուղղվածություն ունեցող ծրագրեր:
Համալսարանի բոլոր ծրագրերը հիմնված են բուհի գիտնականների և պրոֆեսորադասախոսական կազմի նորարարական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` Կաթոլիկ համալսարանն ունի 14 մասնաճյուղ Բելգիայի 10 քաղաքում և իրականացնում է կրթական և հետազոտական ծրագրեր գրեթե բոլոր ուղղություններով:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել աշխարհի հնագույն և միաժամանակ ժամանակակից համալսարաններից մեկում, որը 1425 թվականից ի վեր՝ գրեթե 6 դար շարունակ, խթանել է եվրոպական գիտության զարգացումը և համարվում է աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական մեծ բարեփոխումների փուլում, և կառավարությունը կրթությունը դիտարկում է որպես տնտեսական հեղափոխությունը հաջողելու կարևորագույն գործիքներից մեկը:
«ՀՀ կառավարության կրթական քաղաքականության նպատակն է կրթության և հետազոտության գործուն կապի ապահովումը: Մենք ցանկանում ենք իրական բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում և այս համատեքստում կարևորում ենք փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումն աշխարհի առաջատար և նորարարական կրթական ու գիտահետազոտական հաստատությունների հետ», - նշել է ՀՀ վարչապետը` գոհունակություն հայտնելով Կաթոլիկ համալսարանի կողմից համագործակցության պատրաստակամության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Լյուվենի Կաթոլիկ համալսարանից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է «IMEC» (Interuniversity Microelectronics Centre) գիտահետազոտական կենտրոն` վերջինիս գործունեությանը ծանոթանալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը ՀՀ վարչապետին է ներկայացրել «IMEC»-ի ծրագրերը` նշելով, որ կենտրոնը մասնագիտացած է միկրո, նանոէլեկտրոնիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտությունների, նոր սերնդի սարքավորումների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ:
Նա նշել է, որ «IMEC»-ն ունի շուրջ 4000 աշխատակից և գործունեություն է ծավալում նաև Նիդեռլանդներում, Թայվանում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնի կիսահաղորդիչների մաքրման լաբորատորիայում:
ՀՀ վարչապետի այցի հաջորդ կանգառը Լյուվենի «Առողջության կենտրոն»-ն էր, որը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի և «IMEC» գիտահետազոտական կենտրոնի համատեղ ծրագիրն է: Նիկոլ Փաշինյանը կենտրոնի տնօրեն Իզաբել Ֆրանսուայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցադրությունների սրահում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը, նպատակներին: Ի. Ֆրանսուայի խոսքով` «Առողջության կենտրոն»-ն իր տեսակի մեջ եզակի փորձարարական հաստատություն է, որի այցելուները կարող են տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ առողջապահության ապագային:
Ցուցադրությունների միջոցով ՀՀ վարչապետին ներկայացվել է, թե ապագայում տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը, եռաչափ մոդելավորումը, կրիչները և նանոտեխնոլոգիաները, ինչպիսի ազդեցություն են ունենալու առողջապահության վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահին, «Առողջության կենտրոնի» տնօրենին տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և հրավիրել Երևան` մասնակցելու Կոնգրեսին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին