Իրանի ԱԳՆ. Ղարաբաղի հարցը չպետք է ազդի Թեհրան-Բաքու-Երևան կապերին
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի՝ հիմնված երկխոսության ու միջազգային սկզբունքների վրա, քանի Իրանի համար շատ կարևոր է ընդլայնել Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Այս մասին տեղեկանում ենք իրանական IRNA գործակալությունից։
Քասեմին, անդրադառնալով օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան այցին, ասել է, որ Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է, որ Թեհրանի դիրքորոշումը բոլոր հարևանների հետ շատ պարզ է, թափանցիկ ու հստակ, քանի որ հարևանները Իրանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային են։
«Թեհրանը վճռական է ընդլայնել իր հարևանների հետ կոնսոլիդացված հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու միմյանց գործերին չմիջամտության հիման վրա»,-ասել է Քասեմին։
Iran Front Page-ի հաղորդմամբ, Քասեմին նշել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ ձևով կարգավորելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
«Իրանի Իսլամական Հանրապետության համար կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չազդի Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա։ Այնպես որ, Իրանը կշարունակի իր հիմնարար ու տրամաբանական քաղաքականությունն այս հարցում, և մենք հուսով ենք, որ այս հակամարտությունը կլուծվի խաղաղ հնարավորինս շուտ՝ այս երկու երկրների իշխանությունների խաղաղ ջանքերի շնորհիվ՝ օգտագործելով երկխոսությունն ու բանակցությունները, դիվանագիտական բոլոր գործիքներն ու ուղիները»,-ասել է Քասեմին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին