Գերմանացի ավտոարտադրողները 40 մլրդ եվրո կներդնեն էլեկտրամոբիլների արտադրությունում
Առաջիկա երեք տարիների ընթացքում գերմանացի ավտոարտադրողները էլեկտրամոբիլների արտադրության համար կներդնեն ավելի քան 40 միլիարդ եվրո։ Այս մասին գրում է unian.net գործակալությունը։
Ինչպես հայտնել է գերմանական Ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի (VDA) նախագահ Բեռնարդ Մաթեզը, այդ ծրագրերի նպատակն է նվազեցնել մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները: Ըստ նրա, այդ ներդրումների միջոցով արտադրողները ցանկանում են հաճախորդների համար եռապատկել մատչելի էլեկտրամոբիլների քանակը:
Մաթեզը նաև հայտնել է, որ այդ որոշումը կայացվել է ածխաթթու գազի արտանետումների նվազեցման ԵՄ ծրագրի համաձայն, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է ընդլայնել ենթակառուցվածքները:
VDA- ի ղեկավարը նշել է, որ էլեկտրամոբիլների պոտենցիալ գնորդներին վախեցնում են բարձր գները, մեկ լիցքավորման արդյունքում սահմանափակ ճանապարհ անցնելը, լիցքավորվող փոքր կայանները, վատ զարգացած ենթակառուցվածքները:
Նշվում է նաև, որ Tesla-ն 6%-ով նվազեցրել է էլեկտրամոբիլների արժեքը: