«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը մտավ ԱԺ լիագումար նիստի օրակարգ
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման էր ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ նախագծով առաջարկում է, որ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարողանան վճարել ըստ ամիսների:
«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները: Սա չափազանց պահանջված նախաձեռնություն է, և հեշտ է ուսանողների համար մաս-մաս վարձը տալ, քան մեկ կամ երկու անգամ»,- ասաց Ուրիխանյանը։
Նիստին ներկա ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն էլ նշեց, որ կառավարությունը դրական կարծիք է տվել նախագծին, սակայն նախարարությունում երկու մտահոգություն են ունեցել։
«Մտահոգությունները հետևյալն են՝ արդյոք փոխելով օրենքի այսօրվա ձևակերպումները՝ կնշանակի՞ որևէ ձևով առնչվել ու խանգարել բուհի ինքնավարությանը, և թե դրանով բուհերը կարող են ունենալ ֆինանսական խնդիրներ, եթե օրենքը անցնում է։ Խորհրդակցություններ ենք անցկացրել տարբեր բուհերի ղեկավարների հետ, ըստ որոնց եկել այն եզարկացության, որ նախագիծը որևէ ձևով չի միջամտում բուհի ինքնավարությանը, ֆինանսական խնդիրներ չի առաջցանում»:
Այսպիսով նախագիծը դրական եզրակացություն ստանալով՝ մտավ ԱԺ լիագումար նիստի օրակարգ: