
Հայաստանը և Բելգիան կզարգացնեն կրթական և գիտահետազոտական համագործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում: Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվենի կրթական, գիտահետազոտական հաստատություններ: Այցի ավարտին ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ:
ՀՀ վարչապետի ներկայությամբ նախ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի գլխավոր քարտուղար Ֆրեդի Էվանսը:
Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև: Այն ստորագրել են «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Հուշագրերի համաձայն՝ կողմերը համագործակցություն կծավալեն բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ Բելգիայում. Մենք ցանկանում ենք իրական բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում
- Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն