Փաստաբան. Ընտրովի արդարադատությունը կրախի առաջ է կանգնեցնելու թե՛ պետությանը, թե՛ ժողովրդին
Փաստաբան Նորայր Նորիկյանը բարձրաձայնում է ընտրովի արդարադատության հնարավոր վատ հետևանքների մասին, ընդգծում, որ Սահմնադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
«Ես զգուշացնում եմ, տղե՛րք, ընտրովի արդարադատությունը կամ ընտրովի մոտեցումը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում որոշ ժամանակ հետո կրախի առաջ է կանգնեցնելու թե՛ պետությանը, թե՛ ժողովրդին:
Մեր երկիրը բռնության որևէ ռեսուրս չունի: Ցանկացած բռնություն, ում կողմից էլ որ դրսևորվի, մերժելի ու դատապարտելի է:
Ես շատ լավ հիշում եմ, որ դալաններում ու պատերի տակ ինչպես էին ծեծում Երևանի նախկին քաղաքապետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին, ՍԴՀԿ երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանին ու բազմաթիվ այլ անձանց:
Նաև այդ ամենի պատճառով էր, որ այդ ժամանակահատվածի իշխանության հանդեպ առկա էր ժողովրդի իսկական ատելությունը:
Որևէ պարագայում չի կարելի ստեղծել անպատժելիության ու անարխիայի մթնոլորտ, որ ամեն մեկը փորձի ու որոշի իր պատկերացումների սահմաններում «պատժել» իր մրցակցին կամ իր հետ համաձայն չլինողին:
Հարգե՛ք սահմանադրությունը, համաձայն որի՝ մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Որևէ պարագայում չի՛ կարելի ստորացնել մարդու արժանապատվությունը, անգամ եթե դու հարյուր տոկոսով համաձայն չես այդ մարդու կարծիքի հետ»,-գրել է նա։
Ավելի վաղ միջադեպին անդրադարձել էր նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը, նա մասնավորապես գրել էր.
«Բա տղերք ջան, մոռացե՞լ եք արդեն, թե հեղափոխությունն ինչ նպատակով էր արվում, ինչի դեմ էր արվում, թե ձեր պատկերացմամբ իշխանության փոփոխության նպատակն այն է եղել, որ ինչ ուզեք անեք ու բոլորը ձեզ ծափահարեն, գլուխկոնծի տան։
Ախր դեռ մի տարի չի անցել, երբ դուք էիք քննադատում ու քննադատում, կարծում եք այն ժամանակ ոչ մեկի մտքով չէ՞ր անցնում գիշերով ձեր տներ գալ։
Եվ վերջապես` ինքը ձեզ հարվածում է հրապարակային դաշտում, բան ունեք հակադրելու` արեք դա նույն դաշտում, եթե մի կողմ թողնենք այն, որ գիշերով տան մոտ մարդուն դարանակալելը առաջին հերթին «չի կարելի», «քըխ» է, դա նաև նրա առաջ հրապարակային դաշտում ձեր պարտության վկայությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
- Փաշինյանն արձագանքել է Մալյանի վրա կատարված հարձակմանը
- Ոստիկանությունը Նարեկ Մալյանի վրա հարձակման դեպքով նյութեր է նախապատրաստում
- Դավիթ Պետրոսյանը պատմել է, Մալյանին մտադիր էին աղբարկղը գցել
- Նարեկ Մալյանը դուրս է եկել ոստիկանությունից. Նոր մանրամասներ
- Նարեկ Մալյանը քիչ առաջ հարձակման է ենթարվել