Ստորագրվել է ուղիղ համաձայնագիր Երևանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, «Արմփաուեր»-ի լիազորված ներկայացուցիչ Սիմոնե Ջովաննինին, «Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Գերմանական ներդրումային կորպորացիայի (DEG) Հայաստանի պատասխանատու Պետեր Գյերգյայը, «Սիմենս փրոջեքթ վենչրս»-ի գործադիր տնօրեն Կլաուս Քոլոֆը:
250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:
Ծրագիրը նախատեսվում է իրագործել արդիական սարքավորումների ներդրմամբ ու գիտական փորձի հիման վրա, ինչի շնորհիվ կունենանք բարձր արդյունավետությամբ ու անվտանգ գործող էներգետիկ կայան: Կնվազեցվի նաև Հայաստանի էներգետիկ համակարգի համար բնական գազի ծախսը և կբարձրանա էներգամատակարարման հուսալիությունը:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրները
- Փաշինյանն անդրադարձավ «Ռենկո»-ի կողմից ջերմաէլեկտրակայան կառուցելու հարցին