Ձեզ կոռեկտության կոչ եմ անում. Արեն Մկրտչյանը՝ Գևորգ Պետրոսյանին
Ազգային ժողովն այսօր նիստի օրակարգում չընդգրկեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ներկայացրեց, թե որն էր պատճառը։ Փետրվարի 25-ին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել վերոնշյալ օրենքի նախագիծը, որը մանրամասն ուսումնասիրելուց հետո ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ Ըստ նրա՝ եթե այդ նախագծին տրվի դրական եզրակացություն, ապա այս ոլորտում ռիսկեր կառաջանան։
«Նախագծով հնարավորություն էր ստեղծվում մեկ գործարարի, որը բիզնես գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, տոտալ վերահսկողություն սահմանել իր ենթակայության տակ գտնվող բիզնես ոլորտների հանդեպ: Ավելի պարզ ասեմ` ինչի մասին է խոսքը: Օրինակ` խաղատունը, կոնյակի գործարանը, ցեմենտի գործարանը կարող էին ստեղծել մեկ արհեստակցական միություն, և եթե ինչ-որ հրաշքով պարզվեր, որ այդ երեք ձեռնարկությունները տնօրինում է մեկ սեփականատեր, մենք ռիսկ էինք գեներացնում քաղաքացիներին տոտալ վերահսկողության տակ դնելու արհեստակցական միության միջոցով»,- նշեց Արեն Մկրտչյանը։
Սակայն, ըստ նրա, դրանից հետո Գևորգ Պետրոսյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 88 հոգանոց իշխանական խմբակցությանը անվանել է «դակիչ»։
«Պարոն Գևորգ Պետրոսյան, ես Ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես մենք ստիպված կլինենք Ձեզ հետ կոռեկտության սեմինարներ անցկացնել և վերջում գրավոր ու բանավոր քննություն ընդունել»,- դիմելով ԲՀԿ-ական պատգամավորին՝ ասաց Արեն Մկրտչյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ խորհրդարանը դեռ բազմաթիվ առիթներ կունենա կրքոտ քննարկումներ անցկացնելու. «Առաջարկում եմ կրքերը դրսևորել այնտեղ, որտեղ դրանց կարիքը կա: Այս հորդորս ուղղում եմ բոլոր խմբակցությունների պատգամավորներին»:
Հիշեցնենք, որ այսօր նախագծի քննարկման ժամանակ Գևորգ Պետրոսյանն անդրադարձել էր Արեն Մկրտչյանին՝ ասելով, թե վերջինը հանձնաժողովի նիստին ուշացումով է եկել, չի լսել իր զեկույցը, որևէ բառ չի արտասանել, բառ չի ասել նախագծի մասին, բայց դրսում հարցազրույց է տվել ու ասել, թե այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության տակ պահելն է։
«Անընդհատ այստեղ խոսում ենք սիրո, համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի մասին, սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը, կեսից մասնակցել նիստին, որևէ բառ չասել, դրսում ապատեղեկատվություն տարածել»,-մասնավորապես ասել էր Պետրոսյանը։