Եթե փաստեր չկան, ապա դա քաղաքական դաշտն ապականելու հերթական քայլ է. Գորգիսյանը՝ վարչապետի հայտարարության մասին
«Ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք պարոն վարչապետին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, երբ նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպահանում, երբ ասաց, որ ՀՀ քաղաքական գործիչներն ավելի շատ օտարերկրյա գործակալների են նման։
«Քաղաքական դաշտում ակտիվ քաղաքական ուժերին տեսնում եմ որպես Հայաստանի շահը պաշտպանող քաղաքական ուժեր: Եթե վարչապետի ձեռքի տակ կան կոնկրետ անձանց նկատմամբ կոնկրետ փաստեր, ճիշտ կլինի դրանք փոխանցել համապատասխան մարմիններին և սկսել գործընթաց, հակառակ դեպքում դա քաղաքական դաշտն ապականելու հերթական քայլ է, ինչը, մեղմ ասած, ողջունելի չէ»,- ընդգծեց Գևորգ Գորգիսյանը:
Հարցին՝ դա մեսիջ էր ուղղված խորհրդարանակա՞ն, թե՞ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, պատգամավորը դժվարացավ նշել, թե ում մասին կարող էր ակնարկել վարչապետը։ Նա կրկին խորհուրդ տվեց հարցն ուղղել վարչապետին. «Եթե կան փաստեր, ուրեմն պետք է դրան հաջորդեն գործողությունները, եթե ոչ, ապա սա ուղղակի բամբասանքի բարձրաձայնում է»։
Դիտարկմանը՝ պահանջելո՞ւ են անուններ հնչեցնել, պատգամավորը նշեց, թե չի կարծում, որ դրա կարիքը կա:
«Կա ԱԱԾ, որ պետք է զբաղվի այդ գործերով: Ամեն կառույց պետք է զբաղվի իր գործով: Եթե վարչապետը պնդում է, որ կան նման անձինք, ուրեմն ԱԱԾ-ն պետք է գնա նրանց հետևից և հրապարակայնացնի բոլոր արդյունքները»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը