Լարիսա Մինասյան. Ուրեմն սորոսական է նաև Հայկ Բաբուխանյանը
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ով ակտիվորեն զբաղվում է իր իսկ խոսքով «Սորոսի վաստակներ»-ի բացահայտմամբ, երեկ ԵՊՀ դիմաց տեղադրել էր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի՝ սև շրջանակի մեջ առնված լուսանկարն ու մի ծաղկեպսակ։
Լարիսա Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Հիմնադրամը մտահոգված է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հասարակական ու քաղաքական դիսկուրսի որոշակի մի հատված տարված է մեր և մեր քաղաքացիական հասարակության գործընկերների աշխատանքների վերաբերյալ սուտ մեղադրանքներ տարածելով, որոնք հանգեցրեցին կիրակի գիշերը տեղի ունեցած Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների միջև միջադեպին»։
Նրա խոսքով, բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի դեմ հնչած մեղադրանքներն ամբողջովին կեղծ են:
«Բոլոր տեսակի պնդումները, որ Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը նպատակ ունի վնասել Երևանի պետական համալսարանի հեղինակությանը կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, անհեթեթ են, վիրավորական ու սուտ»,-ընթերցեց նա հայտարարությունը։
Նա հաստատեց, «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը 20 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել, որի նպատակներից մեկն էլ ուսանողների կողմից բուհի կառավարումը հաշվետու դարձնելն է։ Նաև ասաց, իրենց գործընկերների հետ նախապայմանների լեզվով չեն խոսում, ծրագրի գործունեությունը չեն վերահսկում։
Մինասյանն ասաց, որ տարիների ընթացքում հիմնադրամը ֆինանսավորել է նաև ԱԺ նախկին պատգամավորներ, օրինակ Հայկ Բաբուխանյանին, Գևորգ Կոստանյանին, Կարեն Բեքարյանին։
«Ձեր սահմանումով նրանք սորոսականեր են։ Այդ փասաթղթերը հրապարակված են մեր կայքում։ Ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք գտել ենք կարևոր։ Դրանց շրջանակներում նշված, և էլ ավելի մեծ թվով անձինք ֆինանսավորվել են։ Միջազգային քրեական դատարանին նվիրված համաժողովին մասնակցելու համար մենք ֆինանսավորել ենք Հայկ Բաբուխանյանին։ Եվ ընդհանրապես, Հայկ Բաբուխանյանը, Գևորգ Կոստանյանը չեն կարևորը, կարևոր են ծրագրերը»,-ասաց նա։