«Ինչի՞ համար արժեր անել հեղափոխություն, եթե այսպիսի վերաբերմունք պետք է ցույց տրվեր մշակույթին»
«Եթե հանկարծ նման փաստաթուղթ ընդունվի ու նման օպտիմալացում գնա, ես դա կորակեմ ուղղակի հանցագործ, հակամշակութային որոշում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը՝ խոսելով մշակույթի նախարարության կողմից իրենց ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման կամ վերակազմակերպման, այդ թվում Համազգային թատրոնը լուծարելու տեղեկանքի մասին։
Նա ընգծեց, որ եթե հեղափոխությունից հետո մշակույթին այսպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվեր, ուրեմն այդ հեղափոխությունը գրոշ անգամ չարժեր, որովհետև էլ ինչի՞ համար արժեր անել հեղափոխություն, եթե այսպիսի վերաբերմունք պետք է ցույց տրվեր մշակույթին։ Դերասանի խոսքով, նույնիսկ եթե դա սևագիր տեղեկանք է, եթե ինչ-որ մարդկանց մտքով անցել է՝ արդեն հիմարություն է, պրոբլեմ է, նշանակում է, որ կառավարության, մշակույթի նախարարության մասնագետների հարցում գործ ունեն դիլետանտ մարդկանց հետ։
«Այդ իմաստով ուրախ եմ, որ մշակույթի նախարարությունը օպտիմալացվում է, այդպիսի նախարարություն մեզ իսկապես պետք չէ։ Չնայած ի սկզբանե մտածում էի, որ որպես մշակութային երկիր, պետք է մշակույթի նախարարություն, այն լիներ սուպերնախարարություն»,- ասաց Կ.Խաչատրյանը։
Դերասանը նշեց, որ այն բոլոր արտահայտությունները, ինչ կապվում են Համազգային թատրոնի հետ, ոչ մեկը քննություն չի բռնում, անհեթեթություն են. «Չգիտեմ, եթե այդ հիմարությանը պատասխանես, դու ինքդ կզգաս, հիմար ես, որ այդպիսի հիմարությունների պատասխանում ես»։
«Նույնիսկ եթե որևէ թատրոնում կա խնդիր, էլի պետք է ոչ թե կտրուկ միջամտություններ արվի, այլ մարդկանց առողջացման կոնկրետ ծրագրեր առաջարկել, նրանց հետ խոսեն, գան, տեսնեն։ Համոզված եմ՝ այդ մարդիկ թատրոններ չեն էլ հաճախել, չգիտեն որտեղ ինչ կա, ինչ խաղացանկ կա, քանի անուն ներկայացում կա։ Խաղացանկային թատրոնը հարստություն է, մեր ժողովրդի հարստությունն է, ազգային արժեք է»,- ասաց Կարեն Խաչատրյանը։
Ասուլիսին ներկա ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ թատրոնը ձեռնտու չէ, շահութաբեր հիմնարկներ չեն, ծանրացել են պետության վրա։ Նա հիշեցրեց, որ դեռ տարիներ առաջ այն ժամանակվա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին առաջարկել էր ստեղծել մի համակարգ, որպեսզի մեր մեծահարուստները դառնան մեկենաս, նրանց շահույթից ընդամենը մի քանի տոկոսով օրենքով տան թատրոններին, կինոյին, արվեստին, որից հետո թատրոնները կսկսեն ապրել, իսկ պետության բեռը կթեթևանա. «Հասմիկ Պողոսյանն ասեց՝ լավ բան ես ասում, բայց էդ հաշվելը ո՞նց հաշվենք, ասացի մարդ նշանակեք՝ թող հաշվի։ Չընդունվեց այդ առաջարկս»։
Հիմա թատրոնները միավորելու այս խոսակցությունների ֆոնին նա առաջարկում է ՊՈԱԿ-ի փոխարեն անունը դնեն ԱԳԼՃԿ։
«Արվեստը, երբ դառնում է ՊՈԱԿ ու ԱԳԼՃԿ, վերանում է»,- նշեց ժողովրդական արտիստը։
Նրա խոսքով, մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այնքան անտեղյակ է ամեն ինչից. «Ասում է՝ Համազգային թատրոնն ունի ուղղվածություն, հարցնում են՝ ինչով է դա արտահայտվում, ասում է հայրենասիրական բաներ են անում։ Ես ապշեցի, թե ինչ է ասում»։
Հարակից հրապարակումներ`
- Նազենի Ղարիբյան. Խոսքն ընդամենը սևագիր առաջին տեղեկանքի մասին է
- Նիկոլայ Ծատուրյան. Աղաչում եմ տիկին Նազենի Ղարիբյան, հեռու մնացեք Ֆուրցևայից
- «Սա անարգանք է Սոս Սարգսյանի հիշատակին»
- Նազենի Ղարիբյանը նոր «մշակույթ» է հնարել՝ փակել, կպցնել իրար, ոտնատակ տալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան