Ճիշտ է նախընտրական քարոզչության եզրույթի ամրագրումը ԸՕ-ում. Մուկուչյան
«Հայաստանում ցանկացած տեսակի ընտրությունների կազմակերպման ընթացքում երբևէ դրանց արդյունքները նախապես հայտնի չի լինում։ Ընտրությունների արդյունքները նյութականացվում են ընտրողների քվեների միջոցով՝ քվեարկությունից հետո»,- այս մասին այսօր խորհրադարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի դիտարկմանը, թե Հայաստանում 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ, նախորդ բոլոր ընտրություններն ուղեկցվել են կեղծիքներով ու Սահմանադրության լուրջ խախտումներով։
Ինչ վերաբերում է ընտրական գործընթացի կազմակերպմանը, ԿԸՀ նախագահն ասաց, որ բոլոր մարմինները՝ ընտրական, տարածքային, տեղամասային հանձնաժողովներն ու այլ պետական մարմիններ, աշխատում են միասին համակարգված. «2012-ից սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձել է հետամուտ լինել պահպանել Ընտրական օրենսգրքի պահանջները։
Նույն խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ, դիմելով Մուկուչյանին, նշեց, որ նախընտրական քարոզչություն եզրույթն Ընտրական օրենսգրքով սահմանված չէ, և խնդիրներ են առաջանում դրա ժամկետների հետ կապված:
Մուկուչյանը պատասխանեց, որ նշված եզրույթը պետք է ունենա օրենսդրական ձևակերպում և այն ավելի կարևոր է դառնում. «Մենք ունենք նորմեր, որոնք զետեղված են Վարչական իրավախախտումների կամ Քրեական օրենսգրքերում, սակայն միայն դրանցով իրավական որոշակիության խնդիր է առաջանում։ Տարբեր երկրներում տարբեր կերպ է սահմանվում նախընտրական քարոզչությունը: Կան երկրներ, որոնք մասնակցությանն ուղղված կոչերն անվանում են քարոզչություն, կան երկրներ, որոնք չեն համարում: Դա նշանակում է, որ եզրույթը կարող է ունենալ որոշակի սահմաններ: Եվ ճիշտ է դրա ամրագրումը ԸՕ-ում»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը էլ ասաց. «Ընտրողների ցուցակում ընդգրկվող ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 591 հազ 276 է: Այս թիվն ըստ իս չի արտացոլում իրական պատկերը: Այս թվի պատճառով է, որ արտահերթ ընտրություններին մասնակցության թիվը վիճարկվեց որոշ քաղաքական ուժերի կողմից: Ինչ քայլեր են իրականացվելու այս ուռճացված ցուցակի մաքրման համար»։
Ի պատասխան Մուկուչյանն ասաց. «Շատ կարևոր է, թե ինչ սկզբունքով է կազմվում ընտրողների ցուցակը: Գործող ԸՕ-ի համաձայն ցուցակում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում հաշվառում ունեն, ՀՀ քաղաքացիներ են: Եվ արտերկրում գտնվել-չգտնվելու հանգամանքից անկախ, եթե չեն հանվել հաշվառումից, ապա նրանց տվյալները լինում են բնակչության ռեգիստրում: Եվ բնակչության ռեգիստրից էլ տեղափոխվում են ընտրողների ցուցակ»,-ասաց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ պատգամավորի բարձրացրած հարցը վերաբերում է ցուցակը կազմելու մեթոդին. «Ներկայում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը ցուցակի անճշտության համար դիմում չի ստացել և այդ անճշտությամբ պայմանավորված ուսումնասիրություն չի արվել: «Եվ հարցադրումը, որը բարձրացվում է, ըստ էության վերաբերում է այլ մեթոդով ցուցակի կազմմանը: Դա օրենսդրական լուծմամբ պետք է իրականացվի»։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամն էր, որ ընտրության արդյունքները հրապարակվեցին և ՍԴ-ում որևէ վիճարկում չեղավ. Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան