Նիկոլ Փաշինյան․ Վիզաների ազատականացումը շոշափելի արդյունք կլինի Հայաստանի քաղաքացիների համար
Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել էր ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Բանակցություններից հետո կողմերը լրատվամիջոցների առաջ հանդես եկան հայտարարություններով։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԵՄ խորհրդի նախագահի հետ քննարկված հարցերը, որոնց թվում են Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները, բարեփոխումները, տարածաշրջանային զարգացումները։
Փաշինյանն ընդգծեց ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի հարաբերությունների կարևորությունը ու ասաց, որ Հայաստանը վճռական է տրամադրված ԵՄ հետ գործընկերությունը շարունակելու հարցում։
Կողմերը քննարկել են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարևորվել է ԵՄ աջակցությունը՝ ընտրությունների հաջող կազմակերպման հարցում։
«Դինամիկ քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր երկրում, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունները, ավելի մերձեցրժին Հայաստանին ու ԵՄ-ին։ Սա արձանագրում է մեր միանման արժեքների առկայությունը։ Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում ժողովրդավարությանն այլընտրանք չկա։ Ուրախ եմ տեսնել, որ մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը հավանության է արժանանում ԵՄ կողմից, և մենք առաջնահերթ ենք համարում մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայությունը։ Մենք շարունակում ենք աշխատել ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում և քայլեր ենք ձեռնարկում ժողովրդավարական ձեռքբերումներն ավելի առաջ տանելու համար»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ վճռական են տրամադրված մեծ բարեփոխումներ իրականացնելու և քաղաքացիների ու հայրենակիցների միջավայրը բարելավելու համար, ինչպես նաև ստեղծելու այնպիսի միջավայր, որը կողջունեն գործընկերներն ու ներդրումներ կատարողները։
«Մենք քննարկեցինք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և գտնում ենք, որ այն կարևորագույն գործիք է բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հարցում։ Եվ սպասում ենք այդ համաձայնագրի՝ անդամ երկրների կողմից վավերացմանը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտվել համաձայնագրի տրամադրած առավելություններից։ Այս համատեքստում, քննարկել ենք համաձայնագրի վավերացման արագացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացը, որը թույլ կտա քաղաքացիներին ավելի ազատ ճանապարհորդել ԵՄ երկրներ մոտ ապագայում։ Մենք հույս ունենք, որ այս հարցում քաղաքական որոշումը շուտ կկայացվի, քանի որ այն շոշափելի արդյունք կլինի մեր քաղաքացիների համար ու կբարձրացնի մեր համագործակցության ազդեցությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Արևելյան գործընկերության ծրագրին, որն արդեն 10 տարեկան է։
Կարևորվեց ԵՄ շարունակական ու հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում և այն հանգամանքը, որ ԵՄ-ն փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խուբն է այն կառույցը, որ պետք է զբաղվի այս խնդրով, քանի որ սա կարևոր ներդրում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Փաշինյանը վերջում ընդգծեց, որ ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի։
«Վերջում ուզում եմ վստահություն հայտնել, որ մեր կառուցողական երկխոսությունը, որ այսօր ունեցանք, շարունակվելու է ու ավելի է ուժեղացնելու Հայաստան-ԵՄ համագործակցությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան