Նախագահը նաև լրագրողներին շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ
Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա մարտական ընկերները, քաղաքական, հասարակական գործիչները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են՝ հարգելու նրա հիաշատակը։
Ոգեկոչման արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ։
Նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Շնորհավորում եմ ձեզ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթ։ 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն։ Վազգեն Սարգսյանը մեր հարյուրամյակների, հազարամյակների պատմության մեջ հսկաներից մեկն է։ Շնորհավոր»։
Նախագահը նշեց, որ «Հոկտեմբերի 27»-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա։
«Պատմականի մեջ մտնում է նաև իրավականը»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր ելույթում ասաց, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ առիթ է երախտագիտությամբ հիշելու ժողովրդի կողմից սպարապետի կոչման արժանացած մարդու, խոնարհվելու նրա ծնողների, հարազատների առջև, վերագնահատելու նրա գործը և վերաիմաստավորելու, նոր հունի վրա դնելու այդ գործերն ու ձեռնարկումները, որոնք սկսել էին Վազգենն ու իր ընկերները։
«Ուզում եմ վերահաստատել Վազգեն Սարգսյանի գործը շարունակելու բոլորիս պարտավորությունը և մատաղ սերնդին այդ ոգով դաստիարակելու անհրաժեշտությունը։ Անպայման պետք է շարունակենք մեր միասնական պայքարը մինչև վերջնական հաղթանակ։ Լավ է ասել սպարապետը՝ «չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես»»,- ասաց նախարար Դ. Տոնոյանը։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ այսօր լավագույն ընկերոջ, զինվորականի ծննդյան օրն է։
«Նրա ամենալավ հատկանիշներից մեկն այն էր, որ որտեղ Վազգեն Սարգսյանն էր, միանգամից համախմբում էր բոլորին, որտեղ Վազգեն Սարգսյանն էր, ստեղծում էր տրամադրություն, մթնոլորտ, ուղղորդում մեծ աշխատանքի, ծառայության, առաքելության, հերոսությունների»,- ասաց նա։
Վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վեց պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ինխորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին:
Հարակից հրապարակումներ`
- Հավանակա՞ն է «Մարտի 1»-ից հետո «Հոկտեմբերի 27»
- Ծնունդդ շնորհավոր, Վազգեն. Արմեն Սարգսյանը սպարապետի հետ արխիվային լուսանկար է հրապարակել
- Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան