Մենք վճռական ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը կատարելու հարցում, Տուսկ
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ: Հայտարարությունները ներկայացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո Նախագահ Տուսկ,
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,
Սա իմ երկրորդ հանդիպումն է Նախագահ Տուսկի հետ Բրյուսելում, և առաջինը` Հայաստանի վարչապետի պաշտոնին իմ վերանշանակվելուց հետո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Նախագահ, ջերմ ընդունելության և արդյունավետ ու նպատակային քննարկումների համար:
Այսօրվա քննարկումների ընթացքում մենք անդրադարձանք բազմաթիվ հարցերի` Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչև տարածաշրջանային և միջազգային զարգացումներ:
Ուրախությամբ ենք ընդգծում Հայաստանի և Եվրոպական միության միջև քաղաքական երկխոսության և համագործակցության բարձր մակարդակը: Ես ընդգծեցի, որ Հայաստանն առավել վճռական է և ունի քաղաքական կամք՝ խորացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը:
Քննարկումների ժամանակ մենք անդրադարձանք Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:
Հայաստանում այդ ընտրությունների նկատմամբ աննախադեպ հասարակական վստահություն կար: Այս համատեքստում մենք նաև բարձր ենք գնահատում ընտրական գործընթացների հաջող կազմակերպման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը:
Մեր երկրում տեղի ունեցած դինամիկ քաղաքական փոփոխությունները, ինչպես նաև ժողովրդավարական ընտրություններն էլ ավելի մոտեցրին Հայաստանին ու Եվրամիությունը՝ արժեքների ընդհանրության տեսանկյունից: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ:
Ես բարձր եմ գնահատում Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին, որը ներառում է կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարության խթանումը և օրենքի գերակայության ամրապնդումը:
Նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության և նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ: Ուրախ եմ, որ մեր եվրոպացի բարեկամներն ու գործընկերներն ունեն նման մոտեցում և տեսլական մեր երկկողմ օրակարգի նկատմամբ:
Մենք մտադիր ենք իրականացնել այս հավակնոտ օրակարգը` հիմնվելով մեր քաղաքացիների և հայրենակիցների ծանրակշիռ մանդատի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հարաճուն աջակցության վրա:
Մեր քննարկման ընթացքում անդրադարձ կատարեցինք Համակողմանի և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարևորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման և մեր բարեփոխումների օրակարգի իրականացման համար:
Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի և թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018 թվականի հունիսից: Այս համատեքստում մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները:
Երկուստեք քննարկեցինք նաև վիզաների ազատականացման գործընթացը: Հայաստանի քաղաքացիներն ակնկալում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորություն ունենալ: Մենք հուսով ենք, որ այս հարցում քաղաքական որոշում կարձանագրվի, քանի որ դա շոշափելի արդյունք կլինի մեր քաղաքացիների համար և առավել տեսանելի կդարձնի մեր գործընկերությանը:
Նախագահ Տուսկի հետ մեր հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արևելյան գործընկերության առաջիկա 10-րդ տարեդարձին: Ես վերահաստատեցի Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեղ նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու մեր պատրաստակամությունը:
Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային հարցեր: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշումը, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Դա արժեքավոր ներդրում է մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում:
Ես վերահաստատեցի, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Վերջում, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ ընթացիկ երկխոսությունը և արդյունավետ քննարկումները կնպաստեն մեր գործընկերության հետագա ամրապնդմանը և փոխշահավետ երկկողմ հարաբերությունների օրակարգի իրականացմանը բոլոր բնագավառներում:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել, պարոն Նախագահ, ջերմ ընդունելության համար»:
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկ. «Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ Բրյուսելում:
Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել դեկտեմբերին կայացած ընտրություններում Ձեր տպավորիչ հաղթանակից և Ձեր կառավարության երդմնակալությունից հետո այսքան շուտ Բրյուսել այցելելու համար:
Ձեր կառավարության որդեգրած արժեքները և արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: Ես հիանում եմ Ձեր` ժողովրդավարական բարեփոխումներ և տնտեսական զարգացում իրականացնելու վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը:
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու և իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին:
Մենք վճռական ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը կատարելու հարցում, որից իրական օգուտներ կքաղեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Եվրամիությունը: Համաձայնագրի գերակշռող մասն արդեն իսկ նախնական կիրառվել է և իրական ազդեցություն ունի: ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն արտահանող գործընկերն է, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի արտահանման ավելի քան 28 տոկոսը:
Այս համաձայնագիրն իրականացվում է ներքին բարեփոխումներին զուգընթաց: ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել ձեր բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական և ֆինանսական օժանդակությամբ: Մենք համաձայն ենք կոռուպցիայի դեմ պայքարում և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների գործընթացում ձեր ուժեղ շեշտադրման հետ:
Այսօր մենք նաև քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչպես գիտեք, ԵՄ-ն լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին և նրանց առաջարկներին: Ես ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին շփումներով և ողջունում եմ լարվածության ներկայիս նվազումը: ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի և շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն: Բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարևոր քայլ է դեպի կարգավորում, որին մենք պատրաստ ենք աջակցել:
Ես նաև շնորհակալություն եմ հայտնում վարչապետին`Արևելյան գործընկերությանը Հայաստանի բերած արժեքավոր ներդրման համար: Այս գործընկերությունը տոնում է իր 10-ամյակը մայիսին: Մենք համաձայնեցինք կրկին հանդիպել, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որը իրականացվել է վերջին 10-ամյակի ընթացքում: Այնպես որ, ես ակնկալում եմ Ձեզ նորից տեսնել երկու ամիս անց՝ Բրյուսելի մայիսյան հոբելյանական տոնակատարություններին»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան․ Վիզաների ազատականացումը շոշափելի արդյունք կլինի Հայաստանի քաղաքացիների համար
- Դոնալդ Տուսկ․ ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել
- Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում․ ի՞նչ հարցերով էին հետաքրքրված պատգամավորները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան